Հրապարակում եմ առաջին տեսանյութը` միջնադարյան [այլևս նախկին] հրաշք Հովհաննես Կարապետ վանքից` նկարահանված իմ կողմից` այսօր։
Իմ համոզմամբ` վանքն այլևս առհավետ կորցրել է իր պատմական արժեքը։ Արարատի մարզում մարդիկ արել են այն` ինչ Արցախում այսօր ջանադրաբար անում են հարևանները։
Երկու տեղում էլ, ըստ էության, «աղվանականցնում»` «ալբանացնում» են հայ միջնադարյան կոթողները։

Այն ինչ տեսա` առավել վատ էր քան այն` ինչ պատկերացնում էի:
Երեսպատում չի եղել: Լվացում չի եղել: Եղել է այլ բան:
Թե ինչ` կեսգիշերին մոտ կհրապարակեմ իմ նկարած տեսանյութով:
Իհարկե դա էլ ոչ ոքի չի ցնցի: Կնայեն, կսարսափեն, կամ էլ կասեն` «հա´ հետո ինչ» ու կանցնեն առաջ:
Բայց տարածություն եմ անցել, վարել եմ, գնացել եմ, արձանագրել եմ ու արձանագրում եմ պատմության համար:
Որ գոնե մեկն ասի ու արձանագրի ինքնաոչնչացման այն գործընթացը, որն այնքան երջանկաբար ու արագ տեմպերով ու անհուն նվիրմամբ` առաջ է տանում այս հասարակախումբը:

Վանքի և եկեղեցու «հիմնանորոգման» շուրջ բարձրացած աղմուկի ֆոնին` այցելեցի Հովհաննես Կարապետիի հեռավոր եկեղեցին` Արարատի մարզում։ Տպավորությունս սարսափելի էր։ Որևէ նորմալ երկրում որևէ «ռեստավրացիա» նման կերպ ուղղակի չի կարող կատարվել։ Տեսանյությում բանվորներից մեկը պատմում է թե ինչպես են «մաքրել», իսկ իմ համոզմամբ` պղծել ու վանդալիզմի ենթարկել եկեղեցին։ Եկեղեցին Մասյացոտն թեմում է։
ՀԱԵ-ում որևէ բան առանց կաթողիկոսի և թեմակալ առաջնորդների համաձայնության և ակտիվ մասնակցության չի կատարվում։ Ենթադրում եմ նաև, որ եկեղեցին գրանցված է որպես պատմամշակութային կառույց և հետևաբար պետք է որ գտնվեր պետության ուշադրության կենտրոնում։ Բայց եկեղեցին, իմ խորին համոզմամբ, այլևս անդառնալիորեն վնասված է։ Ներսին դեռ չեն հասել հիմնականում։ Եվ ներսը դեռևս հնարավոր է փրկել։ Դուրսն ավաղ, այլևս անդառնալի միջամտության է արժանացել։
Հայկ Մարտիրոսյան, քաղաքագետ





