2024-ը հայտարարել ենք մշակութային կրթության տարի, և ուսումնական տարին մեկնարկել ենք բոլոր մարզերում մշակութային էքսպոներով, 2024 թվականն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ այսօր նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Բավականին ակտիվ աշխատանք ենք տարել, որ մեր դպրոցականներ ավելի հաճախ այցելեն թանգարաններ, թատրոններ ու համերգասրահներ, ընդ որում ոչ միայն որպես ժամանց, այլ նաև որպես կրթական ծրագրի մաս: Այս ծրագրի շրջանակներում մենք ապահովեցինք մեր շուրջ 300 հազար դպրոցականների համար թանգարաններ ու թատրոններ այցելությունը: Սա 46 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը, որը դպրոցականների 70 տոկոսին է ընդգրկում:
Մենք բազմաթիվ մանկապատանեկան մշակութային, կրթամշակութային ծրագրեր ենք իրականացրել. 2023-ի 18-ի փոխարեն 2024-ին իրականացրել ենք 21-ը, որտեղ կիսով չափ ավելի շատ մասնակիցներ ենք ունեցել: Ավելի քան 31 հազար երեխա մասնակցել է այս ծրագրերին»,-նշեց նախարարը։
Անդրեասյանի ներկայացմամբ՝ 2024-ին 29 տարվա ընդմիջումից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Հայաստանից նոր հուշարձան է ընդգրկվել՝ Տիրինկատարի վիշապաքարերը։