Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նախագիծը, որն առնչվում է 27 տարին լրացած և բանակից խուսափած անձանց։ Նախագծին կողմ է քվեարկել 61 պատգամավոր, դեմ՝ 27, ձեռնպահ՝ 6։
Նախագծով առաջարկվում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին տալ հնարավորություն ազատվել քրեական պատասխանատվությունից․
1 երկու տարի ծառայելով,
2 մեկ տարի ծառայելով և պետական բյուջե վճարելով 2,5 միլիոն դրամ,
3 վեց ամիս ծառայելով և պետական բյուջե վճարելով 5 միլիոն դրամ,
4 մեկ ամիս ծառայելով և պետական բյուջե վճարելով 8 միլիոն դրամ,
5 զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարելով 15 միլիոն դրամ։
Բացի այդ, նախագծով առաջարկվում է, որպեսզի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա լինեն նաև 27 տարին լրանալուց հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող արական սեռի քաղաքացիները։ Ընդ որում, նրանք կարող են կամ 12 ամիս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնել զինված ուժերում կամ պետական բյուջե վճարել 2,5 միլիոն դրամ։