Վաղարշապատում ՔՊ-ն հաղթել են, և ցանկացած քաղաքական նման իրադարձություն լիցք է տալիս։ Մայր Աթոռի ազատագրման գործընթացը սկսել է, ընթանում է և անխուսափելիորեն հասնելու է տեղ, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ մեջբերում անելով Նոր Կտակարանից՝ «Պիտի նայեք, պիտի նայեք և պիտի չտեսնեք»։
Պատասխանելով այն հարցին, թե Էջմիածնում երբ են իրականացնելու իրենց խոստացած հոգևոր հավաքը, Նիկոլ Փաշինյանը նշեց՝ ամեն կիրակի էլ հենց հոգևոր հավաք է կայանում։
«Իսկ Էջմիածնի կենտրոնական հրապարակի գաղափարը դեռ ընթացքի մեջ է, կտեսնենք։ Արված հայտարարությունները երկխոսություն են հանրության հետ, և այդ գաղափարին հաջորդում են այլ գաղափարներ ու առաջարկներ։ Այսինքն՝ ամեն ինչ կարծրացած չէ, ճկուն պրոցես է»,-ասաց Փաշինյանը։
Նրա գնահատմամբ՝ ուրախությամբ արձանագրում է, որ ներկայում Հայաստանում հոգևոր նորոգման գործընթաց է տեղի ունենում՝ մասնավորապես իր հոգևոր կյանքն այսօր լիարժեք վերականգնվել է՝ որպես Հայ Առաքելական եկեղեցու շարքային հետևորդ։
«Որպես շարքային հետևորդ՝ կարող եմ լիարժեք ապրել իմ հոգևոր կյանքով և ուզում եմ դա տեղի ունենա ՀՀ բոլոր քաղաքացիների հետ, ովքեր ունեն հոգևոր կյանք։ Դա հանրահավաք չէ, այլ պատարագ է, և ուրախ եմ, որ կուսակցությունում և համախոհների շրջանում, ովքեր որ հոգևոր կյանք ունեն, նրանց մոտ էլ կվերականգնվի»,-ասաց նա։
Նշեց, որ անձամբ բավարարված է, որ գնում է, պատարագի մասնակցում, ծնկի գալիս ու մեղքերի համար թողություն խնդրում։
Շա՞տ մեղքեր ունի՝ Փաշինյանն արձագանեց. «Մեզանից յուրաքանչյուրը շատ մեղք ունի, իմ մեղքը ենթադրվում է ավելի շատ՝ պատասխանատվության չափով, կարգավիճակով և կյանքի առանձնահատուկ բովանդակությամբ»։





