ԿԳՄՍՆ-ն դիմել է «Դոպինգ Սփեյս» ընկերությանը Սնուպ Դոգին վճարված 1,8 մլն դոլար հոնորարը վերադարձնելու համար, սակայն առայժմ պատասխան չի ստացել, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Դիմել ենք կազմակերպությանը համապատասխան պահանջով, այս պահին սպասում ենք կազմակերպության կողմից գործողություններին։ Դեռևս այդ գործընթացում ենք, ինքներս կիրազեկենք, հենց որ անցնենք հաջորդ փուլ»,- ասաց նախարարը։
Լրագրողի հարցին՝ թե ինչու այդ համերգը չկայացավ, նախարարն ասաց.
«Կարծում եմ շատ մեծ ջանք պիտի գործադրեք չհիշելու համար, պատճառը այն ողբերգական իրադարձություններն էին, որոնք բնականաբար այլ օրակարգ ու առաջնահերթություններ էին ձևավորել։
Արտիստի հետ բանակցությունները վարում է կազմակերպող ընկերությունը, և ԿԳՄՍՆ-ն իրականացնող կազմակերպություն չի։ Այս ամենի մասին մենք պարբերաբար կապի մեջ ենք եղել, ընկերությունից մեզ փոխանցել է, որ բանակցում են, տարբեր փուլերում ունեցել են նախնական համաձայնություններ համերգը նորից կազմակերպելու վերաբերյալ։
Ի վերջո, ստացել ենք այն իրավիճակը, որ չի կարողացել կազմակերպել 2024-ի ընթացքում, պայմանագրի ժամկետը ավարտվել է, և մենք, ինչպես և նախատեսված է ընթացակարգերով, դիմել ենք ամբողջ գումարը վերադարձնելու պահանջով»,- ասաց Անդրեասյանը: