«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ Հայաստանի Հանրապետության այն մակետը, որը փակցված է ԱԺ տարածքում, ո՞ր չափանիշներին է համապատասխանում, ո՞վ է մակետի պատվիրատուն, և ինչո՞վ է սահմանված, որ ՀՀ մակետը այս տեսքը պետք է ունենա:
«Նախ՝ ուրախ եմ, որ վերջապես ճանաչեցիք, որ սա Հայաստանի Հանրապետությունն է, որովհետև մինչ օրս մի տասը անգամ այստեղից անընդհատ հարցնում էին՝ ՀՀ-ն ինչ տարածք ունի, քանի քառակուսի կիլոմետր է:
Ինձ հետաքրքրիր է, այնուամենայնիվ, ՀՀ-ն քանի քառակուսի կիլոմետր է՝ ըստ ձեզ: Կասե՞ք»,- հակընդդեմ հարց ուղղեց պատգամավորին Սիմոնյանը:
Ի պատասխան՝ Մինասյանը նկատեց՝ ԱԺ նախագահը չի պատասխանել իր հարցին:
«Խնդիրը շատ ավելի խորն է: ՀՀ տարածքը, գործող օրենքի շրջանակներում, 29.743 կմ քառակուսին է, բայց արդյո՞ք դա նշանակում է, որ դուք պետք է ուրանաք, մոռանաք ՀՀ ինքնիշխան իրավազորության մեջ գտնվող տարածքները»,- հայտարարեց Արծվիկ Մինասյանը՝ իշխանությանը մեղադրելով զիջումների համար:
Սիմոնյանը հակադարձեց՝ պնդելով, որ փակցվածը Հայաստանի Հանրապետության քարտեզն է: Կա՞ ինչ-որ տարածք, որը ՀՀ-ին է պատկանում և այստեղ նկարագրված չէ՞: Ես սա եմ ճանաչում ՀՀ տարածք»,- հակադարձեց Սիմոնյանը: