2026 թվականի համար առաջնահերթ է հոգեբանների, ուսուցչի օգնականի աշխատանքների դիտարկումը, որովհետրև ժամանակակից աշխարհում բուն ուսուցչի աշխատանքից բացի՝ անհրաժեշտ է նաև ամբողջ մանկավարժական աշխատակազմի պատշաճ աշխատանքը։ Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը։
Ըստ նրա՝ ուսուցչի օգնականները պետք է իրականացնեն սովորողների ուսումնառության խնդիրների դիտարկում և համապատասխան վերլուծություն կազմեն։ Իսկ ահա դպրոցների տնօրենները և փոխտնօրենները համապատասխան կերպով պետք է նպաստեն և ապահովվեն առարկայական չափորոշիչների կատարումը։
Անդրադառնելով իր ղեկավարած կառույցի՝ 2025 թվականի ընթացքում իրականացրած միջազգային համագործակցությանը՝ Մատիկյանը տեղեկացրեց՝ ՀՀ կրթության տեսչական մարմինն անդամակցել է Կրթության տեսչական մարմինների միությանը, որը գերազանցապես եվրոպական երկրների տեսչական մարմինների միավորող կառույց է։
Ինչ վերաբերում է տեսչական մարմնի՝ հայաստանյան կրթական հաստատություններում ամենից հաճախ հանդիպող խախտումներին, Վաղարշակ Մատիկյանն ընդգծեց՝ նախադպրոցական հաստատություններում դրանք հիմնականում վերաբերում են զարգացնող միջավայրին։
«Մենք գիտենք, որ նախադպրոցական կրթության ոլորտում չափորոշիչը վերջին տարիներին ինտենսիվորեն համալրվել է. այն սահմանում է համապատասխան զարգացնող միջավայր՝ երաժշտական, խաղային զարգացնող միջավայրի առկայություն։ Ամենահաճախ հանդիպող խախտումը նախադպրոցական ոլորտում վերաբերում է հենց այս խնդրին։
Երկրորդ՝ ամենահաճախ հանդիպող խախտումը վերաբերում է համակազմի ճիշտ ձևավորմանը, թե որքանով է տարիքային խմբերի համամասնությունը և սաների ընդգրկվածությունն իրականացվել օրենքին համապատասխան։ Երրորդ խախտումը վերաբերում է մանկավարժների համալրմանը։
Դպրոցներում ամենահաճախը հանդիպում են տնօրենների աշխատանքային գործառույթների խախտումները։ Մասնագիտական կրթության ոլորտում խնդիր կա, որ գործնական պարապմունքների համամասնությունը մոտ լինի տեսկան պարապմունքների հետ»,- ասաց Վաղարշակ Մատիկյանը։
Տեսչական մարմնի ղեկավարը միաժամանակ ընդգծեց՝ 2024-ի համեմատ՝ 2025-ին ուսումնական հաստատություններում բռնությունների ու դրամահավաքների դեպքերն էական աճ չեն գրանցել։
Ծնողներից բողոքներ չեն ստացվել որոշ խումբ երեխաների՝ միանգամից 2-րդ դասարան հաճախելու առնչությամբ։





