2004 թվականի սեպտեմբերի 10-ին լույս տեսավ «168 Ժամ» թերթի առաջին համարը։ Սկզբնական շրջանում հրատարակվելով որպես շաբաթաթերթ, հետագայում՝ շաբաթական երեքանգամյա ռեժիմով, «168 Ժամ» թերթը հիմք դարձավ www.168․am կայքի հիմնադրման համար, որն այսօր փորձում է չշեղվել դեռևս 20 տարի առաջ լրատվամիջոց ստեղծելու դժվարին որոշման ակունքներում ընկած արժեքներից ու հավատամքից։
Անցած 20 տարիների ընթացքում «168 Ժամը» գործել ու կայացել է մեր երկրի ու հասարակության կյանքի զարգացմանը համընթաց՝ արժևորելով ձեռքբերումներն ու հաղթանակները և իր վրա կրելով դժվարությունների ու աղետների ծանրությունը։ Այդ ընթացքում մենք եղել ենք բոլոր իրադարձությունների վավերագրողը՝ փորձելով պահպանել մասնագիտական անաչառությունն ու սառնասրտությունը, թեև, բնականորեն, դա միշտ չէ, որ հաջողվել է։
Ինչպես «168 Ժամ» թերթը, այնպես էլ 168․am-ը չէր կարողանա դիմակայել հաճախ անհաղթահարելի թվացող դժվարություններին՝ առանց մեր հավատարիմ ու խստապահանջ ընթերցողների ու հետևորդների։ Մենք աշխատում ենք ձեզ համար․ եթե մեր աշխատանքը հաջողվում է, շնորհակալ ենք գնահատանքի համար, եթե ինչ-որ հարցերում թերանում ենք, կրկին շնորհակալ ենք նաև քննադատության ու մեր սխալները մատնացույց անելու համար։
2004 թվականին մեր լրատվամիջոցի 20-ամյակը նշելու հեռանկարն անիրական կարող էր թվալ։ Բայց այն իրականություն դարձավ շնորհիվ տարբեր ժամանակներում մեր ընտանիքին մաս կազմած տասնյակ անհատականությունների, որոնց մի մասը, ցավոք, այսօր մեզ հետ չէ։
«168 Ժամի» առաջին համարի թողարկման առիթով մեզ առաջինը շնորհավորեց «Ֆոտոլուր» գործակալության հիմնադիր, լուսահոգի լուսանկարիչ Հերբերտ Բաղդասարյանը, ով մինչև կյանքի վերջին օրը մեր խմբագրության ու աշխատակազմի կողքին էր։ Տարիներ ի վեր «168 Ժամի» բացառիկ ֆոտոպատմությունները վավերագրել է երջանկահիշատակ լուսանկարիչ Գերման Ավագյանը, որին բոլորս հիշում ենք մեծագույն կարոտով։ «168 Ժամից» ևս մեկ գույն պակասեց հիմնադրման օրվանից մեր մշտական սյունակագիր, տնտեսական մեկնաբան Արա Գալոյանի անժամանակ մահով, ում անձնական ու մասնագիտական ներկայության կարիքը մենք զգում ենք միշտ։ Ինչպես որ մեզ կիսատ ենք զգում առանց գրող, հրապարակախոս, մեր թերթի բարեկամ Արմեն Շեկոյանի։
«168 Ժամի» 20-ամյակն առաջին հերթին առիթ է երախտիքի ու սիրո խոսքեր հղելու մեզանից հեռացած, բայց մշտապես մեր հիշողություններում կենդանի բոլոր այս մարդկանց, առանց որոնց մեր լրատվամիջոցը չէր լինի այնպիսին, ինչպիսին որ է։
«168 Ժամ» թերթում, հիմա նաև համանուն 168.am կայքում ստեղծման օրից ստեղծագործել և աշխատում են ավագ և երիտասարդ սերնդի տասնյակ լրագրողներ, վերլուծաբաններ ու մեկնաբաններ, բազմաթիվ այլ մասնագիտություններ կրող անհատականություններ։ Եվ մեր ամենամեծ ձեռքբերումն անցած երկու տասնամյակների ընթացքում մեր խմբագրությանը կարճ կամ երկար ժամանակահատվածով մաս կազմած մարդիկ են, որոնց մեծագույն մասը մինչև օրս էլ մեր մեծ թիմի անդամներն են, եթե անգամ այլևս չեն աշխատում «168 Ժամ»-ում կամ ապրում են արտերկրում։
Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ՝ մեր գործընկերներին, մեր բարեկամներին, մեր ընթերցողին, բոլորին՝ անհատապես և հավաքականորեն՝ «168 Ժամ»-ի 20-ամյա տարեդարձն իրականություն դարձնելու համար։
ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ