ՔՊ կոչվածը թող շոուներից չխոսի. երբ ասում էին, որ ուղեվարձը 150 դրամ չի լինելու, բոլորը հիշում են, թե ինչ կրկեսային ներկայացում եղավ. մեկ օր հետո ճնշումներից վախենալով՝ վերադարձան 150 դրամի, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։
«Հիշում ենք, որ անցած տարվա սեպտեմբերից պետք է սկսեին թանկացումը, սակայն էլի վախենալով հանրային ճնշումից՝ երեք անգամ հետաձգեցին։ 17.000 հազար քաղաքացու ստորագրության նախագիծը մտնելու է օրակարգ։ Եթե կմերժեն, կրկնեմ, կգնանք հանրաքվեի ճանապարհով»,- ասաց նա։
Անդրանիկ Թևանյանն ընդգծշեց՝ քաղաքային իշխանությունները խուսափում են ուղևորահոսքի և մուտքերի մասին թվեր հրապարակել, քանի որ եթե հրապարակեն՝ ակնհայտ կդառնա, որ բոյկոտը փաստացի կայացել է։
Նա կրկին շեշտեց՝ քանի որ անձամբ դեմ է կանխիկ վճարումներին, ապա քաղաքացիները պետք է ոչ թե 100 դրամ վճարեն և իջնեն, այլ առհասարակ բոյկոտեն վճարելու պրոցեսը՝ նախապես շնորհակալություն հայտնելով վարորդներին։
Պարզաբանելով տրանսպորտի սակագնի թանկացման հարցը հանրաքվեի դնելու հնարավորության ընթացակարգը՝ Թևանյանը նշեց, որ իրենց կողմից մի շարք գործընթացներից հետո քաղաքացիները կկարողանան մոտենալ սահմանված վայրեր և ստորագրել թանկացման դեմ։
Ըստ «Մայր Հայաստան» շարժման առաջնորդի՝ եթե խոսքը վերաբերում է տրանսպորտի սակագնի թանկացմանը՝ քաղաքային իշխանությունները մեկ գիշերվա ընթացքում շատ արագ հավաքվում և կազմակերպում են իրենց անելիքը, սակայն երբ ավագանու ընդդիմադիր անդամները թանկացման դեմ գործողություններ նախաձեռնեն, ՔՊ-ականները կարող են ընդհուպ 4 ամիս ձգել հարցի քննարկումը։
«Սրանք թուրքական բազարի են վերածել տրանսպորտի գինը, մենք էլ ասում ենք՝ թուրքական բազարն այսպես թե այնպես անում եք Էրդողանի հետ, և ձեզ մանրամեծածախ գներով արդեն վերցրել են։ Մենք կարծում ենք, որ 100 դրամով հնարավոր է ապահովել քաղաքային տրանսպորտ, իսկ եթե պարզվի, որ լրավճարների անհրաժեշտություն կա, ապա պետությունը պետք է սուբսիդավորի այդ ծախսերը»,- ասաց Թևանյանը։