Հունվարի 19-ին 10 ժամ ձնաբքի տակ մնացած եւ ցրտահարված 17-ամյա տղայի մոտ կլինիկակակն մահ է գրանցվել` սրտի և շնչառության կանգով: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Ապարանի ԲԿ տնօրեն Հայկ Շմավոնյանը:
«1 ժամ 15 րոպե բոլորս՝ ռեանիմատոլոգները, բժիշկները, բոլոր անձնակազմով սկսեցինք սիրտ-թոքային ռեանիմացիա անել եւ երեխայի կյանքը փրկվեց, գիտակցությունը վերկանագնվեց եւ դեռ գտնվում է հսկողության ներքո»,- ասել է նա` նշելով, որ տղայի վիճակն այժմ բավարար է:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ հունվարի 19-ին՝ ժամը 16:20-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ քաղաքացիները բարձրացել են Ձորագլուխ գյուղի մոտակա սարը և վատ եղանակային պայմանների ու ձյան բարձր շերտի պատճառով չեն կարողանում իջնել:
Ըստ ԱԻ նախարարության՝ անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը: Փրկարարներին հաջողվել է գտնել երկու քաղաքացիներին, որոնցից մեկը 17-ամյա տղան է։
Նշենք, որ ընտանիքը Ձորագլուխ գյուղից է, սակայն նախորդ 7 տարիներն ապրել են Արցախի Քաշաթաղի շրջանի Կովսական համայնքում եւ պատերազմից հետո նորից վերադարձել են գյուղ: