Այն ողբերգությունը, որ մեկ տարի առաջ ապրել է Արցախի ժողովուրդը, տեղի է ունեցել միջազգային հանրության աչքի առաջ, Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի պահանջով ակցիայի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության քաղաքացի Միքայել Հաջյանը։
Նա նշեց, որ հայանպաստ հայտարարությունների և բանաձևերի համար շնորհակալ լինելով հանդերձ՝ այնուամենայնիվ դժգոհ են, որ Ֆրանսայի կառավարությունը խոսքից գործի չի անցնում։
«Ֆրանսիան գործուն միջոցներ չի կիրառում Ադրբեջանին սաստելու, զսպելու, Ադրբեջանի ցեղասպան քայլերը դատապարտելու և պատժելու ուղղությամբ։ Ես ուզում եմ, որպեսզի պարոն Մակրոնը և ֆրանսիական իշխանությունները տեսնեն, զգան և սրտին մոտ ընդունեն այն ողբերգական իրավիճակը, որ տիրում է արցախահայության շրջանում։
Մեր բազմաթիվ հայրենակիցներ պատանդառված են Ադրբեջանում, իսկ ԱՀ նախկին իշխանության մի շարք ներկայացուցիչներ Բաքվում գտնվում են ճաղերի հետևում՝ լինելով պատանդառված անցած տարվա սեպտեմբերից։
Արդյոք Ֆրանսիայի կառավարությունը չի տեսնում, որ այդ ամենի մեջ մեղավոր է միայն և միայն Ադրբեջանը, որը չի կատարում իր ոչ մի պարտավորություն»,- ասաց Միքայել Հաջյանը՝ անձամբ Էմանուել Մակրոնին և Ֆրանսիայի իշխանություններին կրկին կոչ անելով անցնել գործուն քայլերի։