ՄԱՐՍԵԼ․ Օրերս, մայիսի 23-ին, Մարսելի հայ մշակույթի և երիտասարդության տունը՝ Maison Arménienne de la Jeunesse et de la Culture – MAJC, հյուրընկալեց հայ ժամանակակից արվեստին նվիրված ցուցահանդեսի բացումը՝ Մարսելում ՀՀ Գլխավոր հյուպատոս Արա Մկրտչյանի և Մարսելի 7-րդ հատվածի նախկին քաղաքապետ՝ 1998-2014 թթ, Մարսելի հայ մշակույթի և երիտասարդության տան նախագահ Կարո Հովսեփյանի ներկայությամբ: Սա Ֆրանսիայի հարավում հայ արվեստագետների գործերի ցուցադրման ծրագրի վերջին, բայց առանցքային փուլն է։ Ցուցահանդեսը՝ կազմակերպված Մարսելի հայ համայնքի վաստակաշատ դեմքերից Կարո Հովսեփյանի եռանդով, ունի յուրահատուկ բնույթ. ներկայացված են տարբեր սերունդների, տարբեր գեղարվեստական լեզուներով, սակայն միավորված մի ընդհանուր մղումով արվեստագետներ։

«Այս պատկերահանդեսը բացառիկ երևույթ է. բացառիկ, քանի որ այն հավաքական ցուցահանդես է, և բացառիկ, քանի որ ներկայացված արվեստագետները բոլորն էլ Հայաստանից են, ինչը որ նշանակում է, որ թեև ներկայումս քաղաքական գետնի վրա, կա՛մ հողային գետնի վրա և կա՛մ էլ իր հարևանների հետ այդքան դժվարության մեջ լինելով՝ Հայաստանում մշակույթ ստեղծելը, մշակույթ պահելը, մշակույթ ապրեցնելը, մշակույթ արժեվորելը մեր հիմքի մեջ է մնում: Ուրեմն, այս ձևով է, որ մենք այսօր ընդունում ենք հայ արվեստագետներին, նկարիչներին, որոնք ներկայացնում են իրենց գործերը, ինչը որ արդեն արել են Լա Սիոթա և Իսթըր քաղաքներում, իսկ այս անգամ էլ Մարսելում՝ Հայ մշակույթի տանը», — ընդգծեց Կարո Հովսեփյանը։

«Լեոնարդո դա Վինչին ասել է, որ նկարչությունը պոեզիա է, որը տեսանելի է, բայց չի զգացվում, իսկ պոեզիան նկարչություն է, որը զգացվում է, սակայն չի երևում: Այսպիսով, նկարչության ու պոեզիայի միջև կա համընկնում, այս ամենը կապված է ոգեշնչման, երևակայության, ստեղծագործության, զգացմունքների, հույզերի, անհատականության և, ամենից առաջ, նկարչի գեղարվեստական և գեղագիտական տեսլականի հետ, լինի՛ դա նկարիչ, թե՛՝ բանաստեղծ», — ավելացրեց Կարո Հովսեփյանը։

Մարսելի խմբակային ցուցահանդեսին մասնակցում են 14 արվեստագետ, այդ թվում՝ Խաչիկ Աբրահամյանը, Սոնա Ադալյանը, Արման Անտոնյանը, Հասմիկ Ավետիսյանը, Գագիկ Ղազանչյանը, Ահարոն Գրիգորյանը, Աննա Հարությունյանը, Հրանտ Միրզոյանը, Գևորգ Սարգսյանը, Լիլիթ Սողոմոնյանը, Աղասի Թալալյանը, Գագիկ Տոնյանը, Լևոն Վարդանյանն ու Տաթև Ղամբարյանը։ Հայ արվեստագետները ներկայացնում են իրենց յուղաներկ կտավները, ինչպես և խառը տեխնիկայով աշխատանքներ՝ այսպիսով ընդգծելով ժամանակակից հայ գեղանկարչության բազմազանությունը։

Այս ցուցահանդեսին զուգարեռաբար, մինչև մայիսի 28-ը, Լա Սիոթայում, Սուրբ Կապույտ Ապաշխարողների մատուռում՝ Ancienne chapelle des Pénitents bleus, դեռևս ընթանում է «Հայ-ֆրանսիական բարեկամության տեսանկյուն» խորագրով ցուցահանդեսը՝ ցուցադրվողների գրեթե նույն կազմով։ Մի քանի շաբաթ առաջ էլ Իսթըր քաղաքում կայացավ մի փոքր ավելի սեղմ կազմով՝ ութ նկարչի խմբակային ցուցահանդես։

Երեք քաղաք, մեկ ուղերձ
Ավելացնենք, որ Լա Սիոթայի քաղաքապետ Ալեքսանդր Դորիոլ-Քասմաջյանը «Հայ-ֆրանսիական բարեկամության տեսանկյուն» խորագրով ցուցահանդեսի հանդիսավոր բացման ընթայքում շեշտել էր նախաձեռնության խորը նշանակությունը․ «Հայ արվեստագետների ներկայությունը մեզ համար պատիվ է։ Նրանք իրենց ստեղծագործություններով ներկայացնում են ողջ հայ ժողովրդի հիշողությունն ու ողբերգությունները։ Այս ցուցահանդեսը համընկնում է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին, և յուրաքանչյուր կտավում զգացվում է այդ ցավի արձագանքը՝ կարոտն ու վիշտը․ նրանց գործերն այսօր ներկայացված են իրենց ողջ բազմազանությամբ ու խորությամբ։ Նրանց յուրաքանչյուր ստեղծագործության միջով արտահայտվում է Հայաստան աշխարհը՝ իր ողբերգություններով, կարոտներով, բայց միաժամանակ՝ իր դիմացկունությամբ ու գեղեցկությամբ։

Այս ցուցահանդեսն ինձ համար առանձնահատուկ է նաև անձնական առումով, որպես հայկական արմատներ ունեցող քաղաքապետի։ Այս տարի մենք նշում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը՝ մի տարեթիվ, որը խորը խորհրդանշական նշանակություն ունի, և այս մշակութային իրադարձությանը հաղորդում է մի նոր ուժ և խորություն։ Արվեստն այստեղ դառնում է կենդանի հիշողության մի հզոր կրող։ Ցուցահանդեսում ներկայացված գործերը դիտելիս կարելի է զգալ, թե ինչպես է արտագաղթի ցավը, կորցրածի կարոտը թափանցում յուրաքանչյուր գծի ու գույնի մեջ։

Դա և՛ հուզիչ է, և՛ հիասքանչ։ Այդ սուր զգայունությունն, իր հերթին, թույլ է տալիս ավելի լայն հանրությանը խորապես ճանաչել հայկական պատմությունն ու մշակույթը՝ իր ողջ սփռվածության մեջ։ Լա Սիոթան իսկական մշակութային քաղաք է։ Սա մի քաղաք է բոլորի համար։ Մենք ողջունում և ընդունում ենք բոլոր արվեստագետներին, քանի դեռ նրանք հարգում են իրենց և մեզ ընդունող համայնքի պատմությունն ու ինքնությունը։ Եվ մեզ անհրաժեշտ են այսպիսի ցուցահանդեսներ՝ կրկին և կրկին», – հորդորեց Ալեքսանդր Դորիոլ-Քասմաջյանը։

« Առավել ևս այսօր՝ երբ Հայաստանի աշխարհաքաղաքական իրավիճակը շարունակում է մնալ ողբերգական։ Դա մի իրականություն է, որ կատարվում է մեր սահմաններից 2500 կիլոմետր հեռու, բայց որը մեզանից ոչ մեկին անտարբեր չպիտի թողնում։ Դա սփյուռքի պարտականությունն է։ Դա արվեստագետների պարտականությունն է։ Դա կարելի է իրականացնել միայն մշակույթի և արվեստի բոլոր ձևերի միջոցով։ Որպեսզի՝ այլևս երբե՛ք… », – շեշտեց Լա Սիոթայի քաղաքապետը։ «Լա Սիոթա համայնքի համար իսկական պատիվ ու առանձնահատուկ արտոնություն է հյուրընկալել 13 արվեստագետների՝ կա՛մ հայկական ծագում ունեցող, կա՛մ էլ՝ ուղիղ Հայաստանից ժամանած հայորդիներին»։

Երեք խմբակային ցուցահանդեսների մասնակից Լևոն Վարդանյանը, ով երկար տարիներ ապրում և ստեղծագործում է Մարսելում, պատմում է, որ իր արվեստում ուսումնասիրում է տիեզերքի և բնական երևույթների կառուցվածքային բնութագրերը. «Որպես մաթեմատիկոս և նկարիչ՝ ես հետազոտություն եմ իրականացնում տիեզերքի կառուցվածքային բնութագրերի, տիեզերքի և բնական երևույթների վերաբերյալ: Հետազոտություններիս արդյունքները ներկայացնում եմ պատկերների և նկարների տեսքով։ Հենց սկզբից ուզում էի հասկանալ. կա՞ համընդհանուր օրենք, որը թույլ է տալիս ներդաշնակ կոմպոզիցիաներ կառուցել։ Եվ եթե՝ այո՛, ապա ի՞նչ կապ կա առարկայի և գույնի միջև, ինչպիսի՞ն է փոխկապակցվածությունը գույների միջև, որոնք ստեղծում են առարկաները միասին և այլն։

Բազմաթիվ տարիների հետազոտությունից հետո ես զարմանալի բացահայտում արեցի։ Ես հասկացա, որ այո՛, գոյություն ունի ներդաշնակ կոմպոզիցիայի համընդհանուր օրենք, և այս օրենքը լիովին համապատասխանում է տիեզերքի կազմության սկզբունքի հետ։ Այլ կերպ ասած, եթե մենք սահմանում ենք «ամբողջությունը» որպես որոշակի ընդհանուր բնութագրերով տարրերի բազմություն, ապա գալիս ենք այն եզրակացության, որ «ներդաշնակ կոմպոզիցիան» մի ամբողջություն է, որն ունի տարրեր, որոնք իրենց հերթին ևս ամբողջություններ են։ Մյուս կողմից, տիեզերքը, ծառը և բոլոր բնական երևույթները կառուցված են նույն սկզբունքով։ Այսպիսով, ներդաշնակ կոմպոզիցիաների և տիեզերքի կոմպոզիցիայի օրենքները նույնն են…

Ես վերցնում եմ տիեզերքի այս բնութագրերը և կիրառում դրանք ավելի ընդհանուր և բազմազան առարկաների վրա, որոնք ոչ միայն նրանք են, որոնք մենք գիտենք, այլ նաև նրանք, որոնք մենք չենք տեսնում առօրյա կյանքում… Ես կառուցում եմ իմ որոշակի ձևի առարկաները և դասավորում դրանք իմ ձևով, ստեղծելով իմ սեփական տարածությունը, և այս տարածության մեջ ես շեշտում եմ՝ գույնի օգնությամբ, նրա ենթատարածությունները և ենթաենթատարածությունները…

Այս տարածության մեջ, որը ես կառուցում եմ, գույնը օբյեկտի անունն է… Այս սկզբունքով կառուցված նկարը տիեզերքի փոքր մոդելն է, բայց ոչ այն պատճառով, որ այն նման է տիեզերքին՝ մոլորակներ, աստղեր, այլ այն պատճառով, որ կրում է տիեզերքի բնութագրերը: Իմ նկարչության վրա ազդել են Լոբաչևսկին, Ռիմանը և Մինկովսկին, ովքեր նկարիչներ չեն, այլ մաթեմատիկոսներ… Հայ մեծանուն նկարիչ Երվանդ Քոչարի կարծիքով՝ արվեստում ամենաարժեքավորը ոչ թե այն է, ինչ տեսնում ես, այլ այն, ինչ չես տեսնում, այլ կերպ ասած՝ նկարների հետևում թաքնված գաղափարները…», – նկարագրեց Լևոն Վարդանյանը։
Երևանից դեպի աշխարհ
Այս նախագծի խորքային համակարգումը իրականացնում է «Հայ կերպարվեստի հիմնադրամը» և «Հայ նկարիչների կենտրոնը»՝ Խաչիկ Աբրահամյանի ղեկավարությամբ։ Կենտրոնը, որը գոյություն ունի արդեն 1988 թվականից, շուրջ 500 ցուցահանդես է կազմակերպել տարբեր երկրներում՝ նվիրված հայ գեղարվեստական ներկայության ամրապնդմանը միջազգային բեմում։
Գործնական տեղեկություններ․
Մարսել – MAJC (Maison Arménienne de la Jeunesse et de la Culture)
Հասցե՝ 12-14 rue Saint-Bazile, 13001 Marseille
Բաց է մինչև հունիսի 15-ը, ամեն օր՝ 10։00-ից 20։00
Հեռ․՝ 06 79 90 77 84
Լա Սիոթա – Ancienne chapelle des Pénitents bleus
Բաց է մինչև մայիսի 28-ը
Հեռ․՝ 06 79 90 77 84
Ցուցադրվող աշխատանքների մի մասը վաճառվում է։
Մարիամ Խաթլամաջյան, «Ազգ»-ի թղթակից, Ֆրանսիա
Լուսանկարները՝ Կարեն Պետիկյանի