Ընդդիմության խաղաղ հավաքների ժամանակ մասնակիցների և իշխանամետ քաղաքացիների միջև տեղի ունեցած միջադեպերը, Հելսինկյան կոմիտեի դիտորդների արձանագրմամբ, հարթվել են ոստիկանների միջամտության շնորհիվ։
Հիշեցնելով խաղաղ հավաքների ժամանակ ոստիկանության պարտականությունը՝ ապահովել դրանց անվտանգ անցկացումը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ցավալիորեն նկատեց․ «Հասարակության մոտ տպավորություն կա, որն, ի դեպ, ունի հիմքեր, թե ոստիկանության ուժերի ներկայությունը հավաքի մասնակիցների դեմ է»։
Ընդդիմության հավաքների մասնակիցների նկատմամբ ոստիկանությունը բազմիցս օրենքը մեկնաբանել է այնպես, ինչպես՝ ցանկացել է։ Իրավապաշտպանը մի քանի օրինակներով ցույց տվեց այդ առումով արձանագրված խախտումները․
«Մայիսի 6-ին «Պատիվ ունեմ» խմբակցության երթի ընթացքում Ալեն Սիմոնյանի մայրը թքել երթի մասնակիցների ուղղությամբ և միջնամատ ցույց տվել։ Դա արդարացվել է՝ մեկնաբանվելով, թե իբր մասնակիցները վիրավորել էին նրան, մինչդեռ տեսանյութում որէև նման բան չկա, որևէ մեկը որևէ խոսք չի ասում նրան»,նշեց իրավապաշտպանը։
Օրենքի կամայական մեկնաբանության վառ ապացույց է նաև այն, որ ոստիկաններն ապրիլի 29-ին Արա Զոհրաբյանին թույլ չեն տվել մոտենալ Կառավարության շենքին։Մեկ այլ դեպքում նույն արգելքը կիրառել են ՔՊի գրասենյակին մոտենալ փորձող հավաքի մասնակիցների նկատմամբ։
Իրավապաշտպանի արձանագրմամբ՝ նման քայլերը ոչի միայն դատապարտելի են, այլև՝ զավեշտալի։
Աղբյուր` Փաստինֆո
 
			 
     
			





