Լրագրողներն այսօր ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանից հետաքրքրվեցին՝ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը, Նիկոլ Փաշինյանի որակմամբ, ՀՀ-ում ընտրակեղծարարության պրակտիկայի հիմնադիրն է, ինչու էր 2008 թվականին նույն այդ Փաշինյանը Ազատության հրապարակում «Լևոն-Լևոն» վանկարկում։
Խուդաթյանը նշեց, որ Հայաստանի ճնշող մեծամասնությունը ևս այդ կարծիքին է։
«2008-յան պրոցեսների մասով լրիվ այլ իրավիճակ ենք ունեցել. մի կողմում եղել է ժողովուրդն՝ իր նախագահական ընտրությունների թեկնածուով, մյուս կողմում՝ ժողովրդից իշխանություն խլած քաղաքական մեծամասնությունը, որը Մարտի 1-ից հետո տասը տարի իշխելու հնարավորություն է ունեցել։ Այդ պրոցեսներում այլ տեղ, քան ժողովրդի կողքին էր, կանգնելու հնարավորություն չկար»,- ասաց նախարարը։
Ըստ Դավիթ Խուդաթյանի՝ 2008-ին ժողովրդի թեկնածուն եղել է Լևոն Տեր-Պետրոսյանը, 2013-ին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ Փաշինյանն էլ միշտ կանգնել է ժողովրդի կողքին։
«2013-ին վարչապետը հեղինակել է հոդված, որտեղ նշել է իր հակասությունների մասին ՀԱԿ-ի հետ, որից հետո պրոցեսները գնացել են այն ուղղությամբ, որի արդյունքում հիմնադրվել է ՔՊ-ն, որն էլ ընտրություններում ստացել է մեծամասնության ձայները։ ՔՊ-ն հիմա էլ գնում է այն ճանապարհով, որ 2026-ին ստանա ՀՀ քաղաքացիների մեծամասնության ձայները »,- ասաց նախարարը։