Երեկ՝ մարտի 20-ին, Ազգային ժողովում հերթական անգամ դրսևորվել է խիստ մտահոգիչ, անթույլատրելի վերաբերմունք լրագրողի նկատմամբ։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, նկատելով, որ իր հետ ճեպազրույց նախաձեռնած մի խումբ թղթակիցներին միացել է նաև «Tribune.am» կայքի լրատվական ծառայության ղեկավար Հռիփսիմե Ջեբեջյանը, պահանջել է, որ վերջինս այլ տեղ կանգնի և չխանգարի, իսկ երբ լրագրողը փորձել է պարզաբանում ստանալ այդ վերաբերմունքի առնչությամբ, պատգամավորը հորդորել է նրան «մաքրել շրթունքները»։
Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, խստորեն դատապարտում ենք բարձրաստիճան պաշտոնյայի այս սանձարձակ պահվածքը՝ արձանագրելով, որ Հռիփսիմե Ջեբեջյանի հանդեպ կիրառվել է և՛ մասնագիտական գործունեությամբ, և՛ սեռով պայմանավորված խտրականություն։ Առանձնակի վրդովմունք է առաջացնում այն, որ Անդրանիկ Քոչարյանը միջադեպից հետո հրաժարվել է ներողություն խնդրել լրագրողից և, ըստ հետագա իր մեկնաբանությունների, չի պատրաստվում դա անել։ Մինչդեռ նա այն պաշտոնյաներից է, որն առավել հաճախ է թիրախավորում և նսեմացնում լրագրողներին, այդ թվում՝ Հռիփսիմե Ջեբեջյանին։
Այս տիպի կոնֆլիկտները դարձել են խորհրդարանի առօրյայի անբաժանելի մաս։ Բազմիցս բարձրաձայնել ենք պատգամավոր-լրագրող հարաբերություններում առկա խիստ լարվածության և անհանդուրժողականության մասին, երբ իշխող ուժի ներկայացուցիչներն անվայելուչ վարքագիծ են ցուցաբերում ու վիրավորում ընդդիմադիր ԶԼՄ-ների թղթակիցներին, իսկ ընդդիմադիր գործիչները նույն պահվածքը դրսևորում են իշխանամետ լրատվամիջոցների աշխատակիցների նկատմամբ։ Ընդ որում, որպես կանոն, նման կոնֆլիկտներն անհետևանք են մնում խորհրդարանականների համար․ մինչ այժմ նրանցից ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ Այս առումով առավել քան հրատապ է դարձել ԱԺ պատգամավորական էթիկայի հանձնաժողովի ձևավորման հետ կապված խնդիրների լուծումը։
Ելնելով վերոգրյալից՝ պահանջում ենք․
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից և դրա ԱԺ խմբակցությունից՝ քննարկման առարկա դարձնել և գնահատական տալ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարվելակերպին, որը նա դրսևորել է լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հետ շփվելիս, և հրապարակայնորեն հայցել վերջինիս ներողամտությունը,
- ԱԺ ղեկավարությունից և բոլոր խմբակցություններից՝ նախաձեռնել պատգամավորական էթիկայի հանձնաժողով ձևավորելու գործընթաց և այդ նպատակով իրականացնել անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ