Ապրիլի 25-ին՝ ժամը 18։30-ին, Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Քէմբ Օտտօ, Մարսէյլ․ պատմություն ցեղասպանությունից փրկվածներից» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։
Ցուցադրությունը կազմակերպվում է ֆրանսիական ARAM հետազոտության և հայկական հիշողության արխիվների միության հետ համագործակցությամբ։ Միության կողմից թանգարան տեղափոխված ավելի քան 50 փաստավավերագրական նյութերը պատմում են ցեղասպանությունից փրկված հայ գաղթականների մասին Ֆրանսիայի Մարսել քաղաքի «Քէմբ Օտտօ» կացարանում։ Ցուցանմուշների մեջ առանցքային դեր ունի ARAM միության կողմից օրեր առաջ Հայաստանի պատմության թանգարանին նվիրաբերված «Նանսենյան անձնագիրը»։
Փոխառված նյութերը՝ անձնագրեր, լուսանկարներ, փաստաթղթեր և այլ ուշագրավ առարկաներ, համադրվել են Հայաստանի պատմության թանգարանում պահվող ցուցանմուշների ընտրանու հետ։
Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 25-ը։