Տրամաբանական է, որ որևէ հարցադրման դեպքում որևէ պետական պաշտոնյա խոսում է այն մասին, որ եթե ՀՀ հանդեպ լինի որևէ ագրեսիա կամ ռազմական գործողություն, ՀՀ զինված ուժերը պաշտպանելու են Հայաստանի Հանրապետությունը։ Այսինքն՝ այստեղ շատ բնականոն վիճակ է։ Ինչ վերաբերում է նրան՝ արդյոք ԱԳՆ խոսնակի երեկվա և ԱԽՔ քարտուղարի՝ այսօրվա հայտարարությունները մոտալուտ էսկալացիայի նշան են, ապա չէի շտապի նման եզրահանգումներ անել, բայց ոչ այն պատճառով, որ էսկալացիայի ռիսկեր չկան. դրանք միշտ կան, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վերլուծաբան Հակոբ Բադալյանը։
«Քանի դեռ կա կոնֆլիկտ և միջազգային միջավայրում փաստացի շարունակվող համաշխարհային պատերազմ՝ թեկուզ հիբրիդային, ոչ դասական բնույթի, բնական է, որ կոնֆլիկտային իրողությունների պայմաններում էսկալացիայի վտանգ միշտ էլ կա։
Բայց արդյոք ԱԳՆ խոսնակի և ԱԽ քարտուղարի հայտարարությունները դրա նշանն են, կրկնում եմ, չէի շտապի նման եզրակացություն անել։ Առավել ևս կարծում եմ, որ քաղաքական իմաստով իշխանությունը թերևս դեմ չի լինի, եթե հասարակությունն այդպիսի զգացողություն ունենա։ Որովհետև խաղաղության պայմանագրի համաձայնեցման մասին հայտարարությունից հետո ակնառու է, որ անգամ իշխանամերձ շրջանակներում կա որոշակի շփոթմունք՝ այն իմաստով, որ Հայաստանն ընդունել է Ադրբեջանի պայմանները։
Իշխանությունն զգում է անգամ իր համակիրների շրջանում որոշակի բացասական էֆեկտը և կարիք ունի մթնոլորտն ինչ-որ իմաստով փոխելու, և լարվածության, էսկալացիայի ռիսկի հանգամանքը կարող է լինել դրա միջոցներից մեկը»,- նշեց Հակոբ Բադալյանը։
Մեր զրուցակիցը միաժամանակ հավելեց՝ ինքն ամենևին չի բացառում, որ ՀՀ իշխանությունը փորձի Ադրբեջանի ընձեռած հնարավորությունը, այն է՝ այդ երկրի տարածած ապատեղեկատվությունն օգտագործել մթնոլորտը որոշակիորեն փոխելու և խաղաղության համաձայնագրի համաձայնեցման շուրջ հանրային ճնշող, բացասական ֆոնը որոշակիորեն բալանսավորելու համար։
«Էսկալացիայի սպասումն այդուհանդերձ կարող է հասարակության մոտ առնվազն ընկալումներ ձևավորել, որ թեպետ Հայաստանը բավարարել է Ադրբեջանի պահանջները և համաձայնեցրել պայմանագիրը , այդուհանդերձ դա որոշակիորեն թույլ է տալիս էսկալացիան կանխել, խուսափել լարումից և այլն։ Այսինքն՝ ամենևին պետք չէ բացառել այս մոտիվը՝ առավել ևս, որ տեսնում ենք՝ Ադրբեջանն իր շարունակական ապատեղեկատվություններով տալիս է դա խաղարկելու հնարավորություն»,- ամփոփեց Հակոբ Բադալյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը երեկ արձագանքել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեի հայտարարություններին, որը կեղծ պնդումներ է արել Հայաստանի կողմից հրադադարի խախտումների և Հայաստանի կողմից իբր իր պարտավորությունները չկատարելու վերաբերյալ։
Անի Բադալյանը, մասնավորապես, նշել էր՝ Հայաստանը ուժային մի սցենարի կարող է պատրաստվել՝ դիմակայելու հնարավոր ագրեսիային, իսկ սա ցանկացած երկրի լեգիտիմ իրավունքն է։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ այսօր վստահեցրել է՝ եթե հարձակում լինի Հայաստանի վրա՝ Հայաստանի բանակը պաշտպանելու է Հայաստանի տարածքը։
«Վարչապետը նշել է, որ Հայաստանը շարունակելու է աշխատել խաղաղության օրակարգի ուղղությամբ, ՊՆ-ն հանձնարարական ունի՝ պահպանելու կայնություն, բնականաբար, ՀՀ ՊՆ-ն Հայաստանը պաշտպանելու է, այդտեղ որևէ հարց չկա»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է նա։