Սպանվածի ընտանիքն իմ ընկերոջ ընտանիքն է, այդ ընտանիքի տղան իմ ընկերոջ տղան է։ Այս ամենն ի սկզբանե քաղաքական է, և Գյումրիում ինչ դեպք եղավ, որը կասոցացվի մեզ հետ, իմացեք, որ քաղաքական է, որի մեկնարկը էլի տրված է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հիշեցրեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։
«ՔՊ-ականները, որ ԱԺ միջանցքներում իրար հերթ չտալով հարցազրույցներ էին տալիս, բոլորի ասածը մի բան էր՝ Մարտունը գնաց, աջակցեց իր քավորին կրակողին։ Էնքան որ երևի հրանհանգը, sms-ն իջել է՝ էս թեմայով մարտունենց բզբզեք՝ մինչև տեսնենք՝ ինչի են հասնելու, մի բան ստացվի։
Էսօր հստակ ասում եմ՝ մենք քաղաքում ոչ մեկի հետ խնդիր չունենք։ Հասկանալի է՝ Վարդան Ղուկասյանին չեզոքացրեցին, իր թիմով պրոբլեմի մեջ գցեցին։ 6 ամիս իմ ընտանիքի, թիմի, հարազատների հետ կապված ինչ ասես՝ չի արվել։ Ուղղակի ես հանգիստ պայքարել եմ, բայց տեսնելով ձեռագիրը՝ իմացեք՝ Գյումրիում ինչ դեպք եղավ՝ հրահրված է։
Իմ ընտանիքի հետ յուրաքանչյուր դեպք, փորձանք-փորձություն, իմացեք, քաղաքական է։ Եթե մեզ հետ կապված այլ բան լինի, իմացեք՝ դա չի մարսվել Գյումրու ընտրություններով կատարած իմ քայլը»,- շեշտեց Մարտուն Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ Մարտուն Գրիգորյանի ու Վարդան Ղուկասյանի լարված հարաբերությունները տարիների պատմություն ունեն․ Գրիգորյանն ու Ղուկասյանը 2008-ին իրար դեմ են պայքարել Գյումրիի քաղաքապետի պաշտոնի համար, հաղթել է Ղուկասյանը, բայց դրան հաջորդել են այլ իրադարձություններ: Ղուկասյանի ու Գրիգորյանի անունները կապվում էին արյունալի ծեծկռտուքների, Գյումրիում հնչած կրակոցների ու հաշվեհարդարների հետ:
2013 -ին փոխհրաձգություն էր տեղի ունեցել Գյումրի քաղաքի Շիրակացի 54 բ շենքի մոտակա տներից մեկի բակում, որտեղ ապրում է Մարտուն Գրիգորյանի երեխաների քավորը՝ Հարություն Խաչատրյանը։
Փոխհրաձգությունից վիրավորվել և Գյումրիի բժշկական կենտրոն էին տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Շեկո մականունով հայտնի Արտյոմ Կարապետյանը։ Կարապետյանը վիրահատությունից 20 րոպե անց մահացել էր։
Ըստ շրջանառվող լուրերի, տեղի էր ունեցել հարձակում Հարություն Խաչատրյանի տան վրա։ Հարձակվողների խումբը գլխավորել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ Վահե Ղուկասյանը, որը մինչ այսօր կալանավայրում է, կրում է իր պատիժը։ Գյումրիում համարում էին, որ տեղի ունեցածը Վարդան Ղուկասյանի և Մարտուն Գրիգորյանի միջև եղած թշնամության հերթական դրսևորումն էր: