Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ դպրոցների ու հասարակական շինությունների արտաքին տեսքի սպասարկումից գոհ չէ։
Ըստ նրա` բոլոր շենքերը պետք է լինեն գունեղ, սակայն դրանց հանդիսավոր բացումից մի քանի տարի անց գեղեցիկ տեսքը կորցնում են, նույնիսկ սեյսմակայունության խնդիր է առաջանում։
«Այդ ամեն ինչը պետք է թարմացվի։ Դա սպասարկման շատ կարևոր մաս է։ Օրինակ` դպրոցի ցանկապատը չպետք է լինի ժանգոտ. եթե մի քանի տարի այն չներկվի, կդառնա ժանգոտ։ Հարյուրավոր դպրոցների ցանկապատներ այսօր ժանգոտ են. անցնում ենք կողքով, ասում ենք` հա, ի՞նչ, բայց քաղաքացու ցանկապատն էլ չպետք է լինի ժանգոտ, քանի որ դա վերաբերմունք է արտաքին միջավայրի և բնակավայրի նկատմամբ»,– հայտարարեց Փաշինյանը։
Նա պատմեց, որ Իջևանում սուբվենցիոն մի ծրագրի շրջանակում դիտարկում էին կատարված աշխատանքը, սակայն նկատել են, որ կառավարության միջոցներով վերանորոգված ճանապարհի կողքի ցանկապատները խարխուլ վիճակում են։
«Եթե կառավարությունը վերանորգման համար 800 մլն կամ 1 մլրդ ներդրում է անում, ապա կարծում եմ` քաղաքացին էլ պետք է 8000 դրամի ներդրում անի, ներկ առնի, հարևաններով կամ համայնքով որոշեն այդ փողոցի ցանապատները ներկել այս նյութով ու այս գույնով»,– ասաց նա։