Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո զանգվածային անկարգությունների գործով մեղադրյալ, հայրենադարձ Հակոբ Պէրպէրյանը շարունակում է մնալ անազատության մեջ։ Պաշտպան Ֆրեդ Սարգսյանը հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց, որ Հակոբ Պէրպէրյանին նոյեմբերի 21-ին մեղադրանք է առաջադվել՝ ՔՕ 225-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։
Նա հայտնեց, որ Պէրպէրյանի ձերբակալման 72-րդ ժամը լրանալուց հետո վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար, միջնորդության քննարկման ժամանակ անգամ նախաքննական մարմինը խնդրել է հետաձգել նիստը, Պէրպէրյանն ազատ է արձակվել, իսկ միջնորդությունը նոյեմբերի 25-ին մերժվել է։
Պէրպէրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը մերժելու մասին որոշումը Վերաքննիչ քրեական դատարանի կողմից բեկանվել է և գործն ուղարկվել է նոր քննության։
Փաստաբանը հայտնեց, որ այդ ընթացքում Պէրպէրյանը շուրջ 2.5 ամիս գտնվել է ազատության մեջ, այդ ընթացքում հրավիրվել է վարույթ իրականացնող մարմին, դատական նիստերին և պատշաճ վարքագիծ է դրսևորել, սակայն դատարանը գտել է, որ անձը գտնվելով ազատության մեջ կխոչընդոտի նախաքննությանը։
Փաստաբանը հայտնեց, որ Պէրպէրյանին վերագրվում է մեկ դրվագով բռնություն գործադրելը, մյուս դրվագով՝ գույք ոչնչացնելը։
«Այստեղ էլ հետաքրքիր բան կա, վարույթ իրականացնող մարմինը բռնության տակ դիտարկել է հոգեբանական բռնությունը, սակայ ՔՕ 225-րդ հոդվածը չի նախատեսում պատասխանատվություն՝ հոգեբանական բռնություն գործադրելու համար։ Այս անհասկանալի քրեական գործը բերում է մի իրավիճակ, որ մարդը, ով 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում եղել է առաջնագծում, ու նոյեմբերի 9-ին արտահայտել է իր վրդովմունքը…, այդ ամենը մի կողմ դրած այդ մարդու նկատմամբ կիրառվել է կալանավորում։ Այստեղ քաղաքական միտումներ կան՝ Հակոբ Պէրպէրյանին անազատության մեջ պահելու»,- հայտնեց Սարգսյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Նիկոլ Փաշինյանի կողմից կապիտուլյացիոն հայտարարություն ստորագրելու մասին հայտարարությունից հետո Երևանում բազմամարդ ակցիաներ են իրականացվել, մասնավորապես, Արցախի մեծ մասն Ադրբեջանին հանձնելու որոշման դեմ պայքարող քաղաքացիները բազմամարդ ակցիաներ են իրականացրել թե՛ ԱԺ-ի մոտ, թե՛ կառավարության և թե կառավարական առանձնատան մոտ։ Ակցիաների մասնակիցների մի մասը մուտք են գործել ԱԺ և կառավարության շենքեր, ինչպես նաև՝ կառավարական առանձնատներ։
Ըստ տարածված տեղեկատվության՝ քաղաքացիներից մի քանիսը կոտրել են կառավարության շենքի պատուհանները և դռները, ԱԺ-ում՝ բռնակներ, իսկ Նիկոլ Փաշինյանի հայտարարության համաձայն՝ կառավարական առանձնատնից անհետացել է օծանելիք, համակարգիչ և այլ իրեր։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու, կատարելու դեպքերի առթիվ։
Աղբյուր` Փաստինֆո