ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ փետրվարի 23-ին՝ ժամը 12:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի կայքէջից:
Արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ է հանդես եկել «Հայաստան» խմբակցությունը: Ընդդիմադիր խմբակցությունը առաջարկում է Ազգային ժողովին «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ դատապարտող հայտարարությամբ հանդես գալ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն իր խոր մտահոգությունն է հայտնում օկուպացված Շուշիում 2021թ. հունիսի 15-ին Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների ստորագրած հռչակագրի՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից վավերացման կապակցությամբ: Այդ հռչակագրով կնքվել է թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական դաշինք՝ «Մեկ ազգ, երկու պետություն» հայեցակարգի շրջանակներում:
Թեեւ փաստաթղթում նշված է, որ այն չի ստեղծվել երրորդ կողմի դեմ, այդուհանդերձ դրա ողջ բովանդակությունն ուղղված է Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների, հայ ժողովրդի դեմ: Այն արձանագրում է Արցախի Հանրապետության դեմ 44-օրյա ագրեսիա իրականացրած երկու պետությունների ռազմավարական նպատակներն՝ ընդդեմ Արցախի ժողովրդի ինքնորոշման, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ ցեղասպանություն վերապրած աշխարհասփյուռ հայ ժողովրդի իրավունքների: