Դատելով տարածված լուսանկարից՝ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հանդիպումը կարող էր առավել հանդիսավոր պայմաններում կայանալ։ Մյուս կողմից հասկանալի է, որ Միացյալ Նահանգների նախագահը հազիվ թե ընդուներ Փաշինյանին, բայց տպավորությունն այնպիսին է, որ ԱՄՆ փոխնախագահի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումն ավելի շատ արարողակարգային է եղել, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։
Ըստ մեր զրուցակցի՝ ԱՄՆ փոխնախագահն ի պաշտոնե որոշումներ կայացնող չէ, և շատ ավելի լավ կլիներ, եթե հանդիպում կայանար ԱՄՆ նախագահի՝ անվտանգության հարցերով խորհրդականի, ԱՄՆ պետքարտուղարի կամ վերջինիս՝ անվտանգության հարցերով տեղակալի հետ։
«Այդ դեպքում մենք կարող էինք եզրակացնել, որ կոնկրետ, առարկայական հարցեր են քննարկվել։ Եթե անգամ համարենք, որ վերոնշյալ պաշտոնյաները ռանգով ավելի ցածր են, բայց գոնե կարող էինք ենթադրել, որ լուրջ հարցեր են քննարկվել, իսկ եթե հանդիպումը տեղի է ունենում մի պաշտոնյայի հետ, ով, մեծ հաշվով, որոշումներ կայացնող չէ, ապա դա հիմքեր է տալիս ենթադրելու, որ ընդամենն արարողակարգային հանդիպում է եղել։
Ինչպես ասում են, էլի լավ է, որովհետև կարող էր նաև դա չլինել, և ընդհանրապես խայտառակ լինեինք »,- ասաց Արմեն Բաղդասարյանը։
Քաղաքագետի խոսքով՝ հասկանալի է, որ Միացյալ Նահանգները Հայաստանի նկատմամբ առանձնակի վերաբերմունք չունի, որովհետև ԱՄՆ-ը առանձին պետությունների նկատմամբ վերաբերմունք չի դրսևորում. այդ գերտերությունն իր քաղաքականությունը որոշում է ըստ տարածաշրջանների։
Արմեն Բաղդասարյանն ընդգծեց՝ ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպումն առնվազն պետք է կայանար շաբաթներ առաջ Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի տառին և ոգուն համապատասխան մթնոլորտում։
«Այդպես պետք է լիներ, բայց հասկանալի է, թե ինչու այդպես չէ, որովհետև Միացյալ Նահանգների նոր վարչակազմը դեռևս չի հստակեցրել իր դիրքորոշումն Իրանի նկատմամբ, հետևաբար կոնկրետ չի ձևավորել իր դիրքորոշումը Հարավային Կովկասի նկատմամբ։ Այսինքն՝ դեռ հստակություն չկա՝ ինչ պետք է անել Հարավային Կովկասի հետ՝ պայքարել, որպեսզի կայուն խաղաղություն լինի, թե հակառակը՝ նոր պատերազմ հրահրել. իմ տպավորությամբ այդ հստակությունը դեռ չկա, դրա համար էլ, քանի դեռ ասելիք ձևավորված չէ, ավելորդ են համարել գործնական հանդիպում կազմակերպել»,- ասաց քաղաքագետը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հանդիպման մասին փաստող լուսանկարը լայն արձագանք է գտել սոցիալական հարթակներում։ Մի շարք քաղաքական վերլուծաբաններ կարծիք են հայտնել, որ այն վկայում է բավական հապճեպ, «ոտքի վրա» կազմակերպված հանդիպման մասին և բոլորովին հարիր չէ միջպետական հարաբերություններին։