Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին մեկնաբանել է Վրաստանի տարածքով ֆրանսիական զրահատեխնիկայի մատակարարումը Հայաստան։
Վրաստանի Հանրային հեռուստաալիքի «Ազատ հայացք» հաղորդաշարի հաղորդավարը նշել է, որ Վրաստանի տարածքով Ֆրանսիայից Հայաստան զրահատեխնիկա մատակարարելու մասին տեղեկություն է տարածվել ադրբեջանական, այնուհետև վրացական լրատվամիջոցներում, և նախարարին հարցրել է, թե արդյոք դա կազդի պաշտոնական Թբիլիսիի՝ Երևանի և Բաքվի միջև իրականցվող միջնորդական ջանքերի վրա: Նախարարը նշել է, որ Թբիլիսին երկու երկրին էլ հնարավորություն է տալիս հավասար պայմաններով օգտվել Վրաստանի տարանցիկ գործառույթից։
«Վրաստանը երկու երկրին էլ հնարավորություն է տալիս հավասար պայմաններում օգտվել մեր երկրի տարանցիկ գործառույթից: Ուզում եմ ընդգծել, որ սա հավասար մրցակցային դաշտում է։ Ցանկացած երկիր իրավունք ունի ունենալ պաշտպանական ուժ, իսկ երբ խոսքը վերաբերում է սովորական տեխնիկայի կամ միջազգային պայմանագրերով թույլատրված զինատեսակների, ցանկացած երկիր իրավունք ունի ձեռք բերել այն։ Վրաստանի դիրքորոշումն այն է, որ երկու երկրին էլ հնարավորություն ընձեռվի հավասար պայմաններում օգտվել տարանցիկ գործառույթից, որն ունի մեր երկիրը։ Ըստ այդմ, սա է մեր պատասխանն այս հարցի վերաբերյալ, և այդ հարցում անհարկի ակնարկներն անտեղի են»,- ասել է Դարչիաշվիլին։
Tert.am