Այո, մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք մեկ ամսվա ընթացքում ստորագրել խաղաղության պայմանագիր. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դա նշանակում է, որ մեր գնահատմամբ խաղաղության պայմանագրի այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է եւ այն կարելի է վերջին շտրիխները ճշգրտել, բերել վերջնական տեսքի, արդեն նախկինում երկկողմ հաստատված համաձայնությունների հիման վրա եւ ստորագրել:
Ադրբեջանի նախագահն ինքը հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն հավատարիմ է Պրահայի պայմնավորվածություններին եւ Ալմաթիի հռչակագրին: Նաեւ Բրյուսելի, Սոչիի, Պրահայի հայտարարություններով մենք այդ սկզբունքներն արձանագրել ենք»,-ասաց նա:
Ձեր տրամաբանությունն այն է, որ սկզբում պետք է խաղաղության պայմանագիրը լինի, հետո մնացածը, բայց կարող է հակառակը լինել։
Նա հավանական է համարում, որ հնարավոր է սկզբում հաղորդակցությունների բացումը լինի, հետո նոր խաղաղության պայմանագիրը:
«Կարող է իրական խաղաղություն ձեւավորվի կոնկրետ պրակտիկ գործողություններով, որի արդյունքներով ձեւակերպվի խաղաղության պայմանագիրը: Բայց մեր ընկալումն այն է, որ պետք է լինի խաղաղության պայմանագիրը։
Երբ Հայաստանն ու Ադրբեջանն արձանագրեն, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը ու միմյանցից տարածքային պահանջներ չունեն, հրաժարվում են ուժի սպառնալիքի կիրառման սկզբունքից, պատրաստ են չմիջամտել ներքին գործերին, ագրեսիվ քաղաքականություն չվարել իրար նկատմամբ, հաստատեն դիվանագիտական հարաբերություններ՝ մնացած բոլոր հարցերը լուծվելու են»,- ասաց Փաշինյանը:
Հարցին՝ եթե սկզբունքները թղթի վրա չկան, ստորագրված չեն, արդյոք դա պատերազմի կամ ՀՀ-ի վրա հարձակման ռիսկ չի ստեղծում, Փաշինյանը պատասխանեց. «Շատ ճիշտ եւ հետաքրքիր հարց եք տալիս: Ապրիլի 19-ին սահմանազատման հանձնաժողովները ստորագրեցին արձանագրություն, որտեղ արձանագրվեց, որ Ալմաթիի հռչակագիրը սահմանազատման բազային սկզբունք է»:
Փաշինյանը նաև ասել է, որ իրենք ուզում են Ադրբեջանի ագրեսիան կառավարել։








