Այս տեսանյութը տեղադրում եմ՝ ոչ պաղեստինա-իսրայելական հակամարտության քաղաքական տեսանկյունից: Սա տեղադրում եմ՝ որպես պետության առաջնորդի օրինակ, ով բացառապես հետամուտ է իր երկրի ազգային, պետական, անվտանգային և հումանիտար շահերին:
Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից անուն առ անուն հիշատակում է իսրայելցի գերիներին, որովհետև դա իր ազգային պատասխանատվության և պետականության հիմքն է: Նա ցույց է տալիս, որ պետությունն իր քաղաքացիներին չի մոռանում և նրանց ազատությունը դարձնում է միջազգային օրակարգի առանցք։ Նա հիշեցնում է, որ ՀԱՄԱՍ-ի ձեռքում դեռ պահվում են 48 իսրայելցի գերիներ, որոնցից մոտ 20-ը ողջ են, բայց գտնվում են սարսափելի պայմաններում:
Այնուհետև Նեթանյահուն անուն առ անուն թվարկում է այդ 20 գերիներին անունները՝ շեշտելով, որ դրանք իրական մարդիկ են, ոչ թե վիճակագրություն և դիմում է նրանց՝ անմիջականորեն ասելով. «Մենք ձեզ չենք մոռացել։ Մենք պայքարում ենք ձեր ազատության համար»։
Այսպիսով, աշխարհի թիվ մեկ քաղաքական ամբիոնից գերիների անունները հրապարակելով՝ նա միաժամանակ լուծում է երեք հարց.
1.Օգտվում է միջազգային ճնշման գործիքից։
2. Տալիս է ազգային համախմբման խորը ուղերձ և նպատակ։
3. Ամրապնդում է իր քաղաքական լեգիտիմության հիմքերը ըստ ազգային նպատակների։
P.S. Մի քանի օր առաջ Հայաստանը ներկայացնողն էլ էր խոսում այդ ամբիոնից, համեմատությունները թողնում եմ ձեզ:
Վլադիմիր Մարտիրոսյան, քաղաքագետ