Արցախում տեղի ունեցող գործընթացների շուրջ ստեղծվել է իսկական տեղեկատվական քաոս. պաշտոնական մարմինները խիստ ժլատ են պաշտոնապես տեղեկատվության տրամադրման հարցում՝ ստեղծելով տեղեկատվական վակուում։ Փոխարենը՝ ոչ պաշտոնական խողովակներով, ֆեյսբուքյան գրառումներով փորձում են մտայնություն ձեւավորել, թե ամեն ինչ խաղաղ է, լավ է։ Իսկ բնակիչներից ստացվում են անհանգստացնող տեղեկություններ։
Փաստն այն է, որ պաշտոնական տեղեկատվության վակուումին զուգահեռ պաշտոնապես տարածվում է սխալ տեղեկություններ։ Օրինակ՝ 17։22-ի դրությամբ Արցախի տեղեկատվական շտաբը սխալ տեղեկություն էր տարածել ադրբեջանական ագրեսիայի մասին՝ թաքցնելով, որ Փառուխ գյուղը գրավվել է ադրբեջանցիների կողմից։
Մասնավորապես՝ հաղորդագրության մեջ նշվել էր միայն, որ «մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր:
Հայտնում ենք, որ անվտանգության նկատառումներից ելնելով այս պահին տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները»:
Մինչդեռ այդ պահի դրությամբ՝ տարհանված են եղել նաեւ Փառուխ գյուղի բնակիչները, իսկ գյուղը գտնվել է ադրբեջանցիների հսկողության ներքո։ Համենայն դեպս՝ տարհանվելու մասին «Փաստինֆո»-ին հայտնել էր գյուղապետը՝ Վարդան Միքայելյանը՝ նշելով, որ գտնվում են հարեւան գյուղում։
Իսկ ժամը 21։11-ի դրությամբ Արցախի տեղեկատվական շտաբը պնդել է, թե «Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ»: Միաժամանակ նշել, որ հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր:
Ու այդպես էլ չի հասկացվում ինչպես է Փառուխ գյուղում իրավիճակը գտնվում Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, երբ թշնամին այնտեղից չի հեռացել։
Աղբյուր` Փաստինֆո