Տարածաշրջանում ամենաթույլ օղակ հանդիսացող Հայաստանը կարող է մերձավորարևելյան սրացման հետևանքով ուղղակի «ոտնատակ գնալ». քաղաքագետ

Իսրայելում տեղի ունեցող իրադարձությունները խիստ մտահոգիչ են՝ անկախ մեր՝ այդ երկրի նկատմամբ վերաբերմունքից։ Դրանք մեծ ներուժ ունեն ապակայունացնելու ոչ միայն մերձավորարևելյան տարածաշրջանը, որի մաս է կազմում նաև Հայաստանը, այլև անցանկալի լարվածություն և անորոշություն առաջացնել համաշխարհային քաղաքականության մեջ։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը։
«Իսրայելը վերջին տասնամյակում հանդես է գալիս որպես Ադրբեջանին ամենաառաջադեմ սպառազինություններով զինող երկիր։ Դա ամենաողբերգական կերպով անդրադառնում է մեզ վրա»,-ասաց մեր զրուցակիցը։
Ալեքսանդր Քանանյանը միաժամանակ խոր համոզմունք հայտնեց, որ տեղի ունեցողի մեջ Իսրայելը մեղադրելու է Իրանին։
«Չեմ կարող ասել, թե ինչպիսին կլինի մեղադրանքի չափը, բայց Իրանը հավանաբար կհռչակվի տեղի ունեցողի գլխավոր պատասխանատու։ Սա կնշանակի, որ Իսրայելի ցանկությունը կմեծանա ՝ Ադրբեջանի տարածքն օգտագործել Իրանին հարվածելու համար։
ԱՄՆ-ը նվազ լծակներ կունենա Իսրայելի նկատմամբ, և այն, ինչ այսօր տեղի է ունենում Պաղեստինում, շատ արագ և վատթար կերպով կարող է անդրադառնալ նաև մեր տարածաշրջանի վրա։ Սա կնշանակի, որ տարածաշրջանում ամենաթույլ օղակ հանդիսացող Հայաստանը, առանց այդ էլ գտնվելով շատ վատ վիճակում, կարող է առնչվել նոր վտանգների»,- ասաց Ալեքսանդր Քանանյանը՝ հավելելով, որ իրադարձությունների զարգացման արդյունքում Հայաստանը կարող է ուղղակի «ոտնատակ գնալ»։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ուժգին հրթիռակոծման է ենթարկվել Իսրայելի հարավային և կենտրոնական մասը, այդ թվում Երուսաղեմը։
Իսրայելի պաշտպանության բանակն իր հերթին հայտարարել է «Երկաթե թրեր» ռազմական գործողության մեկնարկի մասին՝ ի պատասխան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժման գործողությունների։
