«Մայր Հայաստան» դաշինքի անդամներն այսօր՝ մայիսի 3-ին, ի աջակցություն Տավուշի մարզում տեղի ունեցող բողոքի ակցիաներին՝ Վանաձորում բողոքի ակցիա են իրականացրել։
Նրանք սկզբում հանդես են եկել ելույթով, ապա քայլերթով Տավուշում ստեղծված իրավիճակի առնչությամբ իրազեկել ու համախմբման կոչ արել քաղաքացիներին։
«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը շեշտեց, որ Տավուշում իշխանությունները սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների անվան տակ իրականացնում են միակողմանի զիջումներ․
«Մենք դեմ ենք այդ զիջումներին, քանի որ համարում ենք, որ դա լրջագույն սպառնալիք է դառնալու ոչ միայն Տավուշի 4 գյուղերի, այլ նաև ամբողջ Հայաստանի անվտանգության համար։ Իրականում սահմանազատումն ու սահմանագծումը պետք է տեղի ունենար ընդհանուր հաստատված քարտեզով, պետք է սկզբունքները հայտնի լինեին, բայց թշնամին ուղղակի պարտադրում է զիջումներ, իսկ օրվա իշխանությունները ուղղղակի կատարում են այն, ինչն իրենից պահանջում են։
Մենք սատարում ու ողջունում ենք Տավուշից սկիզբ առած պայքարը՝ Տավուշը հանուն հայրենիքի շարժման նախաձեռնող խմբին մենք ողջունում ենք, սատարում ենք Բագրատ սրբազանին։ Կարծում ենք՝ յուրաքանչյուր քաղաքացի իր անելիքն ունի թե՛ Երևանում, թե՛ Վանաձորում, և թե՛ ցանկացած բնակավայրում։ Տավուշի մարզում տեղի ունեցողը վերաբերում է բոլորիս»։
Թևանյանն ընդգծեց, որ իրենք չեն կարող անտարբեր մնալ Տավուշի 4 գյուղերի ճակատագրերի նկատմամբ․ «Օրվա իշխանությունները խաբում են, թե իբր Տավուշում զիջումների գնալով ստանալու են խաղաղություն ու անվտանգություն․ դա խաբեություն է։ Ամբողջ Հայաստանն է վտանգի տակ, Տավուշում սկիզբ առած պայքարը միայն տավուշցիներինը չէ, դա յուրաքանչյուրիս պայքարն է հանուն Հայաստանի խաղաղության ու անվտանգության։ Մենք պարտավոր ենք յուրաքանչյուրս իր տեղում ու իր մասով ակտիվ մասնակցություն ունենալ՝ ի պաշտպանություն Տավուշի ու Հայաստանի»։