Վերջին 1 տարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբայրը՝ Արմեն Փաշինյանը, միանգամից 4 ընկերությունների տնօրեն է նշանակվել. հոդված է հրապարակել FIP.am-ը՝ «Փաստերի ստուգման հարթակը»։
Հոդվածում նշվում է.
Արմեն Փաշինյանը Հայաստան է տեղափոխվել 2018 թ. հեղափոխությունից հետո։ Մինչ այդ նա ապրում էր Ռուսաստանի Դաշնությունում։
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկանում ենք, որ նախորդ տարվա ապրիլի 9-ին Արմեն Փաշինյանը դարձել է միանգամից երկու՝ «Գոու թրեյդ» և «Մինա-Մայա» ընկերությունների տնօրենը։
«Գոու թրեյդ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2018 թվականի հեղափոխությունից շաբաթներ անց՝ հունիսի 14-ին։ Ըստ Պետեկամուտների կոմիտեի՝ ընկերությունը զբաղվում է գյուղատնտեսական մեքենաների և սարքավորումների վարձույթով և լիզինգով։
Այս ընկերության վերաբերյալ գրեթե ոչինչ հնարավոր չեղավ գտնել բաց աղբյուրներից, սակայն ըստ ՊԵԿ-ի՝ ընկերությունը 2019 թվականին աշխատել է վնասով։ Ընկերության հիմնադիրը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն է, տնօրենը՝ Ազգային ժողովում վերջինիս օգնական Հռիփսիմե Բոչոլյանն էր, որը 2017-ին նաև նույն կուսակցության ցուցակով մասնակցում էր ԱԺ ընտրություններին։
Հաջորդ տարի՝ 2019-ին, Խաչատուր Քոքոբելյանի փոխարեն ընկերության 100 տոկոս բաժնետեր է դարձել վերջինիս եղբոր կինը՝ Մերի Հակոբյանը։ Իսկ տնօրենի պաշտոնում նշանակվել է Տիգրան Գևորգյանը։
2021 թ․ ապրիլի 9-ին ընկերության տնօրեն է նշանակվում Արմեն Փաշինյանը։
Ըստ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կատարած պարտադիր վճարումների՝ ընկերությունը 2018-2020 թթ․ ունեցել է 1-2 աշխատող, իսկ արդեն 2021-ից սկսած՝ փոխվել է հիմնադրամին կատարվելիք վճարումների չափը, և հնարավոր չէ հստակ հասկանալ, թե քանի աշխատող ունի ընկերությունը։ Սակայն կատարված պարտադիր վճարումներից կարող ենք պնդել, որ ընկերությունն ունի առավելագույնը 4-5 գրանցված աշխատակից։