Վաղարշապատի ավագանու ընտրությունները չի կարելի ազատ-արդար որակել՝ հաշվի առնելով նաև նախընտրական քարոզչության անցկացումը, լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ ասաց «Հաղթանակ» դաշինքից համայնքի ղեկավարի թեկնածու Սևակ Խաչատրյանը։
«Մի՞թե խախտում չէ, երբ քվեարկության օրը ասվում է, որ կոնկրետ տան տանիքը փոխում է կոնկրետ մարդ։ Մի՞թե խախտում չէ գիշերը ասֆալտապատել արդեն ասֆալտապատված ճանապարհը։ Մարդիկ ո՞նց են ընտրախախտումը պատկերացնում», – ասաց նա՝ հավելելով, որ եղել են նաև համայնքային դպրոցների տնօրենների կողմից օգնություն բաժանելու դեպքեր։
Սևակ Խաչատրյանը միաժամանակ հայտարարեց՝ իրենց քաղաքական ուժն այդպես էլ չի կարողացել ստանալ այն հարցի պատասխանը, թե ով է երեք գովազդային ընկերությունների սեփականատերը, որպեսզի կարողանան տեղադրել իրենց պաստառները, ինչպես նախատեսված է օրենքով:





