Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ, ամբաստանյալի աթոռին հայտնված Վահագն Վերմիշյանը հուլիսի 25-ին դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ դատական նիստին կոչ էր արել մեկ րոպե լռությամբ հարգել այդ նույն դատական դահլիճում և նույն դատավորի նախագահությամբ հանկածամահ եղած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հիշատակը: Կոչ-առաջարկը դատավորի կողմից ընկալվել է որպես անհարգալից վերաբերմունք, ու դատավոր Մնացականյանը Վերմիշյանին 10 ժամով զրկել է նիստերի դահլիճ մտնելու հնարավորությունից:
«Դա նշանակում է, որ Վահագն Վերմիշյանն այլևս չի վերադառնալու դատական նիստերի դահլիճ, որվհետև մեզ մնացել է հարցաքննել 4 ամբաստանյալի․ հանրագումարով, գուցե, մեկ ժամն էլ շատ լինի այդ հարցաքնությունների համար և, փաստորեն, Վահագն Վերմիշյանը մնաց առանց դատավարության։ Մնացական Մարտիրոսյանը 10 ժամ մեկուսացնելով Վահագն Վերմիշյանին պրոցեսից, զրկում է սեփական դատավարությանը մասնակցելու իրավունքից»,-փաստում է Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը։
Հուլիսի 25-ի նիստի մեկնարկին վատացել է Վերմիշյանի ինքնազգացողությունը: «Դզվի, ասեք կգամ». կարգադրիչներին հրահանգել է դատավորն ու հեռացել նիստերի դահլիճից, ասում է պաշտպանն ու հավելում, գործ ունենք պրոֆեսիոնալ, բայց իշխանության հրահանգները անվերապահորեն իրականացնող դատավորի հետ:
«Մնացական Մարտիրոսյանի գնահատականը կարող է տրվել բացառապես իրավաքաղաքական փոփոխություններից հետո, քանի որ Մարտիրոսյանն այս իշխանությունների գիլիոտինն է, ինչ հրահանգներ ստանա, կյանքի է կոչում»,-նշում է Կոչուբաևը:
Մեկ շաբաթ է ինչ չի հաջողվում Վահագն Վերմիշյանին քրեակատարողական հիմնարկից քաղաքացիական հիվանդանոց տեղափոխել: Կոչուբաևի հավաստմամբ՝ իր պաշտպանյալի մոտ կալանքից առաջ էլ առկա են եղել ուղեղի արյան շրջանառության խանգարումներ:
«Ասում ենք, խնդրում ենք՝ տեղափոխեք ՄՌՏ հետազոտության: Առհասարակ պետք է մասնագիտական գործիքային հետազոտություն: Միակ բուժօգնությունը, որը առ այսօր շարունակվում է ՔԿՀ-ում՝ ճնշման չափումն է»,-ասում է պաշտպանը:
Այն ինչ իշխանությունը իրականացնում է Վերմիշյանի նկատմամբ, ըստ պաշտպանի, իր մեջ խոշտանգման տարրեր է պարունակում:
«Վահագն Վերմիշյանին դատապարտել են մահվան: Քրեակատարողական ծառայությունը, իշխանությունը լայն առումով, սկսել են Վահագն Վերմիշյանին մեկուսացնելու, կյանքից զրկելու գործընթաց»,-վստահեցնում է Կոչուբաևը:
Ըստ պաշտպանի՝ Վահագն Վերմիշյանը անազատության մեջ է, քանի որ համարձակվել է հակադարձել օրվա իշխանությանը: Այդ ամենի մասին սակայն Վերմիշյանն անձամբ կխոսի, երբ լինի ազատության մեջ:
Հիշեցնենք, որ Վերմիշյանին մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։ Այս քրեական գործով մեղադրանք է առաջադրվել եւս 6 անձի։