Մարտի 19-ին Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումից հետո Թուրքիայի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաքում եւ երկրի խոշորագույն քաղաք Ստամբուլում զանգվածային ցույցեր են տեղի ունեցել, ինչը հանգեցրել է ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումների։
Ստամբուլի հայկական տարբեր կառույցներից տեղեկացանք, որ քաղաքի հայաբնակ թաղամասերում իրավիճակը հանգիստ է, սակայն հայերը, իբրեւ երկրի բնակիչներ, նույնպես մտահոգված են տեղի ունեցածով։
Համայնքային գործիչ Արա Թաշն «Արեւելք»ի հետ զրույցում նշում է, որ ընդհանրապես նման քաղաքական լարված իրավիճակները Մերձավոր Արեւելքում նախեւառաջ տնտեսական անկման են տանում, ինչը եւ սպասելի էր նաեւ ա՛յս անգամ․ «Դոլարի, եւրոյի բարձրացում եղավ, ոսկին թանկացավ, ինչը միանգամից ազդեց շուկայի վրա․ մարդկանց դա մտահոգում է»,-նշեց մեր զրուցակիցը։
«Ակոս» թերթի լրագրող Լուսյեն Քոփարն էլ «Արեւելք»ին հայտնեց, որ ցույցերը Սարաչանի հրապարակում են, որ հեռու է հայաբնակ թաղամասերից, եւ քաղաքի մյուս շրջաններից էլ մասնակցել ցանկացողները գնում են Սարաչանի։ «Հայաբնակ թաղերում հանգիստ է, թեմայի շուրջ ազատ քննարկումներ չկան փողոցներում, նաեւ՝ արգելվել են ցույցերը, մարդկանց միայն հետաքրքրում է տնտեսական վիճակը, որ կարող է ավելի սրվել այս դեպքերից հետո։ Մեծ մասի առաջին մտահոգությունը նախեւառաջ դա է, կարծես կսպասեին նման մի անկում, եւ ահա եղավ»,-ասում է հայ լրագրողը, նշելով, որ կրկին աղքատացում է սպասվում։
Տնտեսական դրությունից բացի հայերին նաեւ երկրի ապահովական վիճակն է մտահոգում, քանի որ պոլսահայությունը աշխատանքի, ուսման բերումով ցրված է Ստամբուլով մեկ։
Հայությունը նաեւ անտարբեր չէ կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ, որը հայասեր քաղաքապետ էր համարվում․ նա հաճախ էր Ստամբուլի հայկական եկեղեցիներում պատարագների ներկա եղել, այցելել հայկական կառույցներ, աջակցել հայ համայնքի խնդիրների լուծմանը։
Աղբյուր՝ arevelk.am