Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Սպիտակ տունն անհանգիստ է. Իսրայելը Գազայի վրա նոր հարձակման հնարավորություններ չունի

Սպիտակ տունը կարծում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը  պատրաստ չէ ցամաքային գործողություն սկսել Գազայի հատվածում. գրում է New York Times-ը՝ վկայակոչելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներին։

«Բայդենի վարչակազմը մտահոգված է, որ Իսրայելը Գազայի հատվածում իրագործելի ռազմական հնարավորություններ  չունի, և Իսրայելի պաշտպանության բանակը դեռ պատրաստ չէ ցամաքային ներխուժում իրականացնել այնպիսի պլանով, որը կարող է աշխատել», – ասվում է հոդվածում:

Նախօրեին Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հաստատել էր, որ Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է նախապատրաստվել պատերազմի նոր փուլին, որը կներառի օդից, ցամաքից և ծովից համալիր հարձակում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NYT-ը, Թել Ավիվը բազմիցս հետաձգել է ցամաքային գործողությունը Գազայի հատվածում՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ շարունակվող բանակցությունների պատճառով։ Ըստ Times of Israel-ի՝ զինվորականները մտավախություն ունեն, որ պատանդներին ազատ արձակելուց հետո մարտերը կարող են հետաձգվել կամ դադարեցվել «կես ճանապարհին»: Ըստ իսրայելական թերթի՝ անցած ուրբաթ ամերիկացի մոր և դստեր ազատ արձակումը հանգեցրել է ներխուժման հետաձգմանը։