Փարիզի Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողության սկանդալային տեսարանի (Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքի» ծաղրանմանակում) գլխավոր դերակատար, դիջեյ, արտիստուհի, ակտիվիստ Բարբարա Բուչը սոցիալական ցանցերում ֆրանսիացիներից եւ օտարերկրացիներից ստացել է հազարավոր վիրավորական հաղորդագրություններ, սպանության, բռնաբարության եւ խոշտանգումների սպառնալիքներ։ Այդ մասին սոցիալական ցանցերում գրառում է արել Բարբարա Բուչի փաստաբան Օդրե Մսելատին։
«Փարիզի Խաղերի բացման արարողությունից հետո Բարբարա Բուչը հայտնվել է է կիբերբուլինգի եւ զրպարտության չլսված արշավի թիրախում։ Նա բողոք է ներկայացնում այդ գործողությունների դեմ, որոնք կատարել են Ֆրանսիայի քաղաքացիներ, նաեւ օտարերկրացիներ։ Նա մտադիր է դատական կարգով հետապնդել յուրաքանչյուրին, ով կփորձի վախեցնել իրեն»,- նշվում է փաստաբանի հայտարարությունում։
Փարիզի Խաղերի բացման արարողության առիթով ափսոսանք էին հայտնել նաեւ Ֆրանսիայի եպիսկոպոսները։