Սենեգալի կառավարությունը կիրակի ժամանակավորապես դադարեցրել է բջջային հեռախոսներով տվյալների հաղորդումը, քանի որ երկիրը ոստիկանության և ընդդիմության առաջնորդ Ուսմանա Սոնկոյի կողմնակիցների միջև մահաբեր բախումների օրեր է ապրում, տեղեկացնում է AFP-ն։
Կապի, հեռահաղորդակցման և թվային էկոնոմիկայի նախարարության այս հայտարարությունն արվել է ամբողջ երկրով մեկ Սոնկոյի կողմնակիցների և ոստիկանության միջև մի քանի օր շարունակվող բախումներից հետո։
Զոհվածների պաշտոնական թիվն անհայտ է։ Կառավարությունը պնդում է, որ սպանվել է 15 մարդ, այդ թվում անվտանգության ուժերի երկու աշխատակից, մինչդեռ ընդդիմությունն ասում է, որ 19 մարդ է սպանվել։
Բախումներն առաջին անգամ բռնկվել են հինգշաբթի այն բանից հետո, երբ Սոնկոն դատապարտվել է երիտասարդությանն այլասերելու մեղադրանքով, բայց արդարացվել մերսման սրահում աշխատող կնոջը բռնաբարելու մեղադրանքով։
Սոնկոն, որ ներկա չի եղել դատին, դատապարտվել է երկու տարվա բանտարկության։ Նրա փաստաբանը հայտնել է, որ նրա կալանման արտոնագիրը դեռ չի տրվել։
Սոնկոն երրորդ տեղն էր զբաղեցրել Սենեգալում 2019-ի նախագահական ընտրություններում և վայելում է երկրի երիտասարդության համակրանքը։ Նրա կողմնակիցները պնդում են, որ օրենքի հետ նրա խնդիրները 2024 թվականի ընտրություններում նրա թեկնածությունը խափանելու նպատակով կառավարության ջանքերի արդյունքն են։