Դա ոչ միայն անընդունելի է, այլ նաև՝ դատապարտելի և անթույլատրելի։ Շուշին ադրբեջանական ուժերի կողմից օկուպացված է, ինտերվենցիայի արդյունքում՝ Շուշին գրավվել է ադրբեջանցիների կողմից, և սա նույն բանն է, ինչպես, օրինակ, Հյուսիսային Կիպրոսի թուրքական մասում ՄԱԿ-ի գրասենյակն, ինչ – որ միջոցառում անի։ Ինչպե՞ս է դա հնարավոր…»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Տեղեկացնենք, որ Ադրբեջանի՝ ՄԱԿ-ին անդամագրվելու 30-ամյակին նվիրված միջոցառումը կանցկացվի Շուշի քաղաքում։ Այս մասին հայտնել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Խիկմետ Գաջիևը՝ թվիթերյան գրառմամբ։
Նա նշել է, որ ինքնաթիռով թռչելու են Վարանդա, որտեղից էլ, ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ, գնալու են ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացված հայկական Շուշի։ Գաջիևը նաև գրել է, որ միջոցառման շրջանակում Շուշիում կծածանվի ՄԱԿ-ի դրոշը։
Էդուարդ Շարմազանովը նկատում է՝ կա Ղարաբաղյան հիմնահարց, կա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահություն, երեք համանախագահ երկրներն էլ շեշտել են՝ Ղարաբաղյան հիմնահարցն ավարտված չէ, հանգուցալուծում չկա, հետևաբար, գնալ այնտեղ ու միջոցառում անել, այն էլ՝ ՄԱԿ-ի դրոշի տակ, առնվազն տարակուսելի է. «Անկասկած, այստեղ մեծ դեր է խաղացել նաև ադրբեջանական խավիարային քաղաքականությունը, որ, կարծես, ավանդույթ է դարձել Ադրբեջանի քաղաքական կյանքում, սակայն, հիմնական և մեծագույն խնդիրը մեզանում է։ Եկեք, նախ և առաջ, մեր մեջ փնտրենք այս իրավիճակի ողջ մեղավորությունն ու պատասխանատվությունը։ Սա տեղի է ունենում նաև այն պատճառով, որ Հայաստանի իշխանություն կոչվածն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը վախենում է Շուշին և Հադրութն օկուպացված համարել։ Հիմա, եթե Նիկոլ Փաշինյանը վախենում է Շուշին և Հադրութն օկուպացված անվանել, վախենում է Ալիևի հակահայկական գործողություններին և հայտարարություններին որևէ գնահատական տալ, պատերազմից հետո վախենում է ոտք դնել Արցախ՝
մոռանալով, որ Շուշիում նույն ինքը պար էր բռնել ու Քոչարի էր պարում, Ադրբեջանն էլ պետք է օգտվի այս իրավիճակից և առաջ տանի իր քաղաքականությունը»,- ասում է Էդուարդ Շարմազանովը։
Ամփոփելով զրույցը, վերջինս հավելում է՝ 44 օրյա պատերազմից հետո, ինքն այլևս պատրանքներով չի ապրում. «Հայկական իմաստնությունն ասում է՝ մինչև երեխան չի լացում, մայրը կաթ չի տալիս։ Հիմա, երբ Հայաստանի իշխանություն կոչվածը ո՛չ Շուշիի, ո՛չ Հադրութի, ո՛չ օկուպացիայի հարցերը չի բարձրացնում, նույնիսկ, հայտարարում է, թե իրենք պատրաստ են առանց որևէ նախապայմանների ադրբեջանցիների հետ խաղաղության գնալ, այն պարագայում, երբ նույն Ադրբեջանը ՀՀ ինքնիշխան տարածքից, Փաշինյանի խոսքերի համաձայն, 41 քառ. կմ տարածք է օկուպացրել, ինչի՞ մասին ենք մենք խոսում, կամ ի՞նչ ենք մենք ակնկալում միջազգային կազմակերպություններից, ասենք՝ նույն ՄԱԿ-ից։ Եթե մենք մեր շահերը չենք սպասարկում, ինչո՞ւ պետք է ուրիշ մեկը դա անի կամ ինչպե՞ս ենք մենք դա պահանջում ուրիշներից»,- ասում է ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին ղեկավար Էդուարդ Շարմազանովը։