Երբ 1993 թվականին Հայաստանում ստեղծվեց բարձրագույն որակավորման հանձնաժողով, դրանով հիմք դրվեց Հայաստանում գիտական աստիճանաշնորհման համակարգի. Այն ժամանակ կանոնադրությունը գրելիս 69 գիտական կազմակերպությունների հետ քննարկվել է. Հիմա հարց. գիտական կադրերի ատեստավորման կարգը ստեղծելիս քանի՞ գիտական կազմակերպության հետ է քննարկվել։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 21-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Լիլիթ Արզումանյանը:
Նշենք, որ խոսքն այն մասին է, որ ըստ այդ կարգի գիտնականների ատեստավորումը պետք է տեղի ունենա միայն Web of Science միջազգային գիտատեղեկատվական շտեմարանի և «Սկոպուս» հարթակում ընդգրկված գիտական հանդեսներում և հրատարակչություններում հրապարակվող հոդվածներ ունենալու հիման վրա, իսկ հայկական հանդեսներն անտեսված են:
«Ամենախնդրահարույց հարցը հայագիտության հարցն է։ Հայագիտությունը ոչ բոլորին է հետաքրքրում աշխարհում։ Այսինքն կարող են գրվել անգլերենով հոդվածներ, որոնք պարզապես չընդունվեն, որովհետև հետաքրքիր չեն, ասենք մեր գրողների մասին։
Էլ չեմ ասում, որ հայոց լեզուն և բարբառագիտությունը, ի դեպ մենք բազմաթիվ բարբառներ ունենք, որոնք դեռ չեն ուսումնասիրվել, անհնար է անգլերենով թարգմանել, անհնար, անհեթեթ, անիմաստ։ Ո՞նց են դա պատկերացնում։
Պետք է լինի ալտերնատիվ, այսինքն, եթե պահանջ կա հանրահռչակելու մեր գիտությունը, նաև պետք է պահանջ լինի տեղական ամսագրերում հոդվածներ տպելու։ Ես սա համարում եմ դավադրություն հայագիտության դեմ, հայոց լեզվի դեմ և համոզված եմ, որ այս փաստաթուղթը հակասում է մեր պետական լեզվին»,-ասաց Արզումանյանը:
Նա նկատեց, որ ցանկացած նորմալ երկրում կա գիտություն, որ ստեղծվում է ներքին լսարանի համար. «Դրանք այն գիտական աշխատանքներն են, որոնք պետք է նպաստեն պետական շահին, ֆիզիկայի, մաթեմատիկայի, բժշկության, կենսաբանության, ռազմագիտության բնագավառներում։ Դրանք այն մասնագիտություններն են, որոնք իրենց մեջ կարող են ներառել գաղտնի գործեր, որոնք պետք է նպաստեն երկրի ներքին շահին։ Ո՞նց են պատկերացնում այս փաստաթղթի հեղինակները նման գիտնականների աշխատանքները ատեստավորելիս։
Այսինքն դուրս է գալիս, կամ մենք մեր պետական գաղտնիք, պետական շահ ունեցող աշխատանքները պետք է թարգմանենք, ալամ աշխարհով տարամուծենք կամ այդ նման գիտնականները պարզապես չեն ատեստավորվելու: Ես չգիտեմ սա ինչ տրամաբանություն է ու ուր է տանում մեր գիտությունը»,- ընդգծեց Արզումանյանը:
Աղբյուր՝ news.am