«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանում քաղբանտարկյալների թիվն անցնում է մի քանի տասնյակը։ Մարդիկ կալանավորված են, որովհետև իշխանությունների կարծիքին հակադիր կարծիք են արտահայտել, չեն համակերպվել մեր երկրում տիրող իրավիճակի հետ։
Վերջին օրերին այս հարցում դրական հանգուցալուծումներից մեկը դարձավ «18 արդարների» գործով անցնող Լիդյա Մանթաշյանի՝ միակ կին քաղբանտարկյալի ազատ արձակումը դատարանի դահլիճից։ Նրա խափանման միջոց կալանքը փոխարինվեց վարչական հսկողությամբ և 2,5 միլիոն դրամ գրավով։ «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» համահիմնադիր, իրավապաշտպան-սահմանադրագետ Գոհար Մելոյանը համոզված է, որ առաջին հերթին սա բարձրացված հանրային աղմուկի արդյունքն էր։ «Միավորված ու միասնական կերպով, առանց փոխպայմանավորվածությունների, առանց դաշտում տարբերակումների՝ «իմ ու քո»-ի աղմուկ բարձրացավ։
Ընդգծում է՝ քաղբանտարկյալների հետ կապված ներկայիս իրավիճակում, երևի թե, մեր թերացումն էլ կա, որ ավելի հիմնավոր ու մեծաքանակ չէ աղմուկը, քան պետք է լիներ։ «Քաղբանտարկյալները մարդիկ են, ովքեր անազատության կամ խտրական պայմաններում են հայտնվել բացառապես իրենց ընդդիմադիր քաղաքական հայացքների պատճառով, մարդիկ են, ովքեր տարաբնույթ զրկանքների են արժանանում ընդդիմադիր քաղաքական հայացքների պատճառով։
Այս ոտնահարվող իրավունքների մասին գործերը, երբ հետագայում հասնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան, համոզմունք ունեմ, որ ՄԻԵԴ-ի նախադեպային պրակտիկայի արդյունքում գնահատականներ են ստանալու։
Միջազգային կազմակերպությունների լռությունը տարակուսելի է թե՛ հանրության, թե՛ հասարակական ու քաղաքական գործիչների համար։ Մինչև 2018 թվականը մեկ նման դեպքը կարող էր բազմաթիվ զեկույցների և Հայաստանին ուղղված նամակների առիթ դառնալ։
Ունենք Հայաստանի Հանրապետություն, որն իր կարգավիճակին հասել էր շատ տարբեր մարդկանց սրտացավության, փութաջան աշխատանքի շնորհիվ։ Ամեն մեկս մեր տեղում եղել ենք, ինչու ոչ, նաև նվիրյալներ, շատերն իրենց գործառույթի շրջանակում փորձել են լավագույն կերպով իրականացնել իրենց աշխատանքը։ Բայց եկավ մի ուժ ու ոտքի հարվածով փլուզում է կառուցված պատերը, որոնք կառուցվել են փոքրիկ քարերը իրար վրա դնելով։
Միայն Սամվել Կարապետյանի դեպքը եթե առանձին ուսումնասիրենք, մարդու հիմնարար՝ քաղաքական, անձնական, տնտեսական իրավունքների խախտումների մի խումբ է։ Ունենք միջազգային արբիտրաժի որոշումը, միջազգային գործընկերների արձագանքը, Սամվել Կարապետյանի գործով ներգրավված միջազգային իրավունքի հեղինակավոր իրավաբաններն ապշած են իրավունքի՝ այս չափի ու տեսակի խեղաթյուրումից ու պետության, քաղաքական ուժի և իրավապահ մարմինների հակաիրավական գործելաոճից՝ անգամ մեզ համադրելով աֆրիկյան պետությունների գործելաոճի հետ։ Սա բոլորիս ամոթն է, որովհետև մենք այլ կարգավիճակ ու աշխարհընկալում ենք ունեցել գործընկեր-պետությունների կողմից։
Բոլոր ասպեկտներով է սա հետևանքային լինելու։ Միջազգային արբիտրաժը, Ստոկհոլմյան դատարանն այն պարագայում, երբ ունենք վավերացրած կոնվենցիա, «Հայ-կիպրական ներդրողների իրավունքների պաշտպանության մասին» երկկողմանի համաձայնագիր, ընդունում է որոշում և ասում, որ այս՝ ծայրաստիճան հակաիրավական, ներպետական ու միջազգային նորմերի խախտումներով օրենքները, որոնք ՀԷՑ-ի «ազգայնացման» նպատակով ընդունվեցին, չպետք է կիրառվեն, բավարարում է հայցի ապահովումը, ասում՝ պետությունը պետք է դադարեցնի ՀԷՑ-ի հետ կապված գործընթացները, իսկ իրենք արհամարհում են, անգամ կառավարության իրենց պատասխանատուին են աշխատանքից հեռացնում հակառակ կարծիքի համար։
Սա, բնականաբար, թե՛ մեր միջազգային վարկանիշը, թե՛ մեր հանդեպ վերաբերմունքն է փոփոխելու, այդ մասին կատարվում ու կատարվելու են արձանագրումներ։ Էլ չասենք, որ այդ պրոցեսի արդյունքում ռազմավարական նշանակության օբյեկտի լիցենզիան դադարեցնում են, մյուս կողմից՝ պարզվում է, որ այդ «ազգայնացման» գործընթացն այդքան էլ ազգայնացում, պետականացում չէր։
Հիմա էլ մասնավոր ներդրող են փնտրում։ Սահմանադրական դատարանը ՀԷՑ-ի հետ կապված օրենքների սահմանադրականության վերաբերյալ դիմումն է վարույթ ընդունել, Սահմանադրական դատարանի որոշման քննության օր է նշանակված, ու այս պարագայում, երբ պետք է զուգահեռ բոլոր գործընթացները դադարեցվեին, այսպիսի խայտառակ իրավիճակ ունենք։
Այս ամենի համար վճարելու է Հայաստանի Հանրապետության հարկատու քաղաքացին, այս ամենի հետևանքները կրելու է Հայաստանի Հանրապետության բնակչությունը մեր պետության հեղինակության վարկանիշի անկման և ընդհանրապես մեր պետության՝ միջազգային մի շարք սանդղակներում դիրքերի նահանջի տեսքով»,-եզրափակում է Գոհար Մելոյանը։




