Սահմանազատման, սահմանագծման հետ կապված՝ պարբերաբար առաջանում են խնդիրներ: Այս շփումները հնարավորություն տվեցին նաև հասկանալու, որ, այնուամենայնիվ, այն պայմանավորվածությունները, այն ընկալումները, որոնք ձևավորվել են 2024 թվականի օգոստոսի 31-ի կանոնակարգի շրջանակում, մնում են ակտուալ, և ենթադրում են, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն քայլ առ քայլ, և որ բարդ հարցերը պետք է լուծվեն վերջին փուլին: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց Բաքվից վերադարձած հայաստանյան քաղհասարակության ներկայացուցիչ Սամվել Մելիքսեթյանը:
Լրագրողները հետաքրրքվեցին՝ որո՞նք են այդ բարդ հարցերը, ինչին Սամվել Մելիքսեթյանը պատասխանեց՝ առաջին հերթին անկլավների, եռանկյունիների և սահմանների հետ կապված հարցերը, և սրանք լրիվ տեղավորվում են այն մոտեցումների և ձևակերպումների մեջ, որոնք կային 2024 թվականի կանոնակարգի և դրանից առաջ ընթացած 12,7 կմ հատվածի սահմանազատման արդյունքներում:
«Կարծում եմ՝ սա կարևոր է, որովհետև սա ենթադրում է և բխում է նաև հակառակ կողմի արձագանքից, որ եթե կան անկլավներ Հայաստանի տարածքում, կա Արծվաշենի խնդիր»,- նշեց բանախոսը՝ ևս մեկ անգամ նշելով, որ բարդ խնդիրները սահմանազատման գործընթացի վերջնական փուլին են վերաբերում:
Ասուլիսին ներկա, Բաքու այցելած հայաստանյան պատվիրակության մեկ այլ անդամ՝ Բորիս Նավասարդյանն էլ նկատեց՝ երբ ասում են, որ դժվար հարցերը պետք է մնան վերջում, դա չի նշանակում, որ եթե այդ դժվար հարցերը հանկարծ հեշտ դառնան, դրանք չեն կարող առաջ ընկնել:
«Այսինքն՝ երբ գտնվելու է «մոդուս օպերանդի»՝ կապված անկլավների հետ, չի բացառվում, որ այդ հարցը առաջ գնա և ամենավերջին չթողնվի:
Այս պահին լուծումները դեռ չկան, քննարկվում են, այդ պատճառով, որպես դժվար հարց, չպիտի լինեն օրակարգում: Մենք նշել ենք, որ եթե բանակցային գործընթացի օրակարգում չեն, ավելի լավ է ընդհանրապես չհնչեցնել հանրային դաշտում, որովհետև դա կարող է բացասական մթնոլորտ ստեղծել ամբողջ սահմանազատման գործընթացի առումով, և խանգարել մյուս հարցերի լուծմանը»,- ասաց Բորիս Նավասարդյանը:





