Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ամեն օր, երբ դուք զբաղվում եք ձեր գործերով, ես էլ զբաղվում եմ իմ առաջնային գործով՝ հետևում եմ, ուսումնասիրում եմ և վերլուծում են այն ամենը, ինչ կատարվում է Թուրքիայում ու Ադրբեջանում և նրանց շուրջ։
Դա իմ գործն է։
Ցավոք, ամեն օր ես տեսնում եմ, թե ոնց են այդ երկու երկրում մշակում Հայաստանի դեմ նոր գործողություններ, որոնք չեն մնում թղթի վրա. դրանք շատ արագ վերածվում են ծրագրերի, որոնց մասին մեր հանրությունը տեղեկանում է միայն այն ժամանակ, երբ մեզ ուղղված հարվածը հասնում է տեղ ու մեզ հերթական կորուստը պատճառում։
Ամեն օր ես տեսնում եմ, թե ինչպես են ծրագրվում Հայաստանի դեմ նոր պահանջները և որն է դրանց իրական նպատակը, այլ ոչ թե այն, թե ինչ են մեզ ու արտաքին աշխարհին հայտարարում։ Տեսնում և համոզվում եմ, որ այդ պահանջները ոչ մի կապ չունեն մեզ հետ խաղաղություն հաստատելու հետ։ Թուրք-ադրբեջանական կողմում կա բացառապես մեկ նպատակ՝ թուլացնել, մաշեցնել և բառիս ուղիղ իմաստով վերացնել հայկական պետությունը։ Ու չկա որևէ մեկը, որ կարող է հակառակում համոզել կամ առավել ևս՝ ապացուցել դա։ Չկա՛։
Այս պահին Հայաստանի դեմ դրված պահանջների ցանկը մեծ է։ Սահմանադրության փոփոխությունը՝ մեր սահմանադրության թուրքացումը դրանցից ընդամենը մեկն է, որը նպատակ ունի իրավական հիմքեր ստեղծել Հայաստանի թուրքացման՝ վիլայեթացման համար։ Ես տեսել եմ տասնյակ թուրքական քննարկումներ, հոդվածներ, ելույթներ, որտեղ նշում են, թե ինչու է դա պետք իրենց։
Իմիջիայլոց, Թուրքիան 1990-ականներից միշտ էլ փորձել է այս թեման ընդգրկել քաղաքական բանակցությունների օրակարգում, բայց Հայաստանի բոլոր իշխանություններից հանդիպել է կոշտ պատասխանի և ետքաշվել։
Այսօր պետք է հետևողականորեն մերժել սահմանադրության փոփոխության օրակարգը։ Այն կապ չունի հայերի ու Հայաստանի շահերի հետ։ Կապ չունի։
Որևէ պարագայում չպետք է մտնել նույնիսկ վերացական քննարկման մեջ այդ թեմայով։ Սահմանադրությունը փոխելու օրակարգը բացառապես թուրքական պահանջ է, որն էլ ավելի է մեզ թուլացնելու։
Հայաստանի անկախությունն ու անվտանգ ապագան Թուրքիայի պահանջով չի ձևավորվում։
Ուստի դեմ եմ վիլեյաթեցմանը, դեմ եմ թրքացմանը։ Ուժեղ ու զարգացող Հայաստանը կմտածի սահմանադրության մասին միայն այն ժամանակ, երբ դա իսկապես պետք լինի, այլ ոչ թե Անկարայից ու Բաքվից եկած հրամաններով։
Հ.Գ. Նկարում Թուրքիայի իշխանությունների գլխավոր մեդիաներից «Daily Sabah»-ի հոդվածներից մեկն է, որտեղ հեղինակները պնդում են, որ Թուրքիան պետք է աջակցի Հայաստանի դե-ֆակտո վարչապետին, քանի որ վերջինս կիրականացնի բոլոր թուրքական պահանջները։
Հոդվածը գրված է դեռևս 2021 թ. մարտին»։