Գեղարքունիքում ռուս սահմանապահների տեղակայումը միջազգային երաշխիքների ընդգրկմամբ անվտանգության ապահովում է, բայց ցանկալի է, որ յուրաքանչյուր պետություն ինքը կարողանա իր սահմանների պաշտպանությունն ապահովել: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՊՆ նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը:
«Ելնելով հետպատերազմյան իրավիճակից, մեր անվտանգային համակարգից՝ այսօր ՀՀ ղեկավարությունն իր անվտանգային ողջ համակարգը կառուցում է ազգային և միջազգային երաշխիքները հաշվի առնելով: Գեղարքունիքում ռուս սահմանապահների տեղակայումը միջազգային երաշխիքների ընդգրկմամբ անվտանգության ապահովում է: Իհարկե, ցանկալի է,որ յուրաքանչյուր պետություն ինքը կարողանա իր սահմանների պաշտպանությունը և նրանց անձեռնմխելիությունն ապահովել: ՀՀ-ում ունենք ռուսական ռազմաբազա, նրանց հետ միասին ենք մենք ապահովում մեր անվտանգությունը, ռուսական բազայի ներկայությունը մեր սահմաններում ինչ-որ կերպ ապահովում է սահմանների անվտանգությունը»,-ասաց Օհանյանը:
Զրուցակցի խոսքով՝ սահմանների անվտանգության հարցում միայն դաշնակցին ապավինելը նշանակում է, որ հայկական կողմը նույնիսկ պրիմիտիվ պաշտպանություն չի կարողանում իրականացնել.
«Սա ինքնիշխանության կորստի արդյունք է, պարտված իշխանություններն անընդհատ գտնվելու են թելադրանքի, պարտադրանքի ներքո, և այս պարտվողական քաղաքականությունն արդեն մեր հանրությանը մատուցվում է որպես իրողություն և իրենք համարում են, որ միայն ՌԴ Զինված ուժերի առկայությունը մեր անվտանգությունն ապահովելու է, բայց սա խոսում է նրա մասին, որ դու ինքնուրույն նույնիսկ պրիմիտիվ պաշտպանություն չես կարող իրականացնել, սա պարտվողական քաղաքականության շարունակությունն է»,-ասաց Սեյրան Օհանյանը:
Դիտարկմանը, որ ռուս սահմանապահները տեղակայվելու են այն վայրերում, որտեղ հակառակորդի զորքերն առաջ են եկել, արդյունքում Հայաստանի սուվերեն տարածքի հաշվին անվտանգության գոտի է ստեղծվելու,ՊՆ նախկին նախարարը նշեց, որ սահմանապահներ պետք է տեղակայվեն միայն հակառակորդի զինվորականների ելման դիրքեր վերադառնալուց հետո.
«Մեր սահմանապահները պետք է կանգնեն և ապահովեն Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը , ինչ անվտանգության գոտու մասին է, եթե հակառակորդը խախտել է և մխրճվել է մեր տարածք, պետք է ամեն գնով նրանց դուրս հանել մեր տարածքից»,-ասաց Սեյրան Օհանյանը:
Աղբյուր` Փաստինֆո