Ռուսաստանը ձգտում է համաձայնության գալ Սիրիայում իր ռազմակայանների պահպանման շուրջ, տեղեկացրել է The Wall Street Journal-ը։
Սիրիայի հարցում Թրամփի վարչակազմի հստակության բացակայությունը վակուում է ստեղծել, որից Մոսկվան փորձում է օգտվել:
Նախագահ Բաշար Ասադի տապալումից օրեր առաջ Ռուսաստանը հայտնել էր, որ սիրիացի ապստամբները, որոնք շարժվում են դեպի Դամասկոս, ահաբեկիչներ են: Այժմ, երբ այս ապստամբներն իշխանության ղեկին են, Մոսկվան հնարավորություն է զգում ընդլայնելու իր տնտեսական ներկայությունը Սիրիայում եւ պահպանելու իր ռազմական բազաներն այնտեղ:
Սա զարմանալի մերձեցում է։ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը մեծ դեր է խաղացել Ասադի ռեժիմի պահպանման գործում տասնամյա քաղաքացիական պատերազմի ընթացքում: Ռուսաստանի կառուցած բազաները Սիրիայի ափի երկայնքով թույլ են տվել նրան իր իշխանությունը պահել Միջերկրական ծովում եւ Աֆրիկայում, ինչպես նաեւ հարվածել ապստամբների թիրախներին, ներառյալ Սիրիայի նոր կառավարիչների՝ Հայաթ Թահրիր ալ-Շամի դիրքերին: Այն բանից հետո, երբ Ասադը փախավ երկրից, նա ապաստան գտավ Մոսկվայում:
Բանակցությունների մասին իրազեկ եվրոպացի եւ սիրիացի պաշտոնյաների խոսքով՝ ռուսական կողմը հրաժարվել է քննարկել Սիրիայի նոր իշխանություններին Ասադին հանձնելու հարցապնդումը։