Հայ գերիներին Բաքվում դատում են զուտ այն բանի համար, որ նրանք հայ են և «համարձակվել են» պայքարել իրենց և մեր բոլորի իրավունքների ու ազատությունների համար, այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց Արցախի նախկին ՄԻՊ, «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանը։
Անդրադառնալով ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությանը՝ բանախոսը շեշտեց, որ տարածված ձայնագրության մեջ վերջինիս խոսքը խիստ սթափ էր, արժեհամակարգային հենքը և սկզբունքային պայքարը՝ հստակ։
«Բայց գոնե ես այդ տողերում կարդացի ողջամտություն, հույս և պայքարը շարունակելու մղում, և սա ինձ հույս է տալիս, որ Ռուբեն Վարդանյանն ինչ-որ պահի հացադուլը կդադարեցնի, և նա պատրաստ կլինի երկարաժամկետ պայքարի»,- ասաց Արտակ Բեգլարյանը։
Քննարկմանը ներկա «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանն իր հերթին նկատեց, որ Բաքվում ընթացող դատավարությունները կոնկրետ անձանց դեմ չեն. Ադրբեջանի իշխանությունները մինչև անգամ չեն թաքցնում, որ ամբողջ գործընթացը բեմականացում է՝ լեգիտիմացնելու հատկապես վերջին տարիներին կատարած իրենց պատերազմական և մյուս հանցագործությունները՝ արցախահայության էթնիկ զտումներ և այլն։
«Ադրբեջանը բախտի բերմամբ կարողացել է գերեվարել այն անձանց, որոնք նշանակալից գործունեություն են ծավալել Արցախի կայացման ժամանակահատվածում։ Բաքուն պատժում է ոչ միայն այդ անձանց, այլև նրանց դատավարությունը Հայաստանի Հանրապետությանը պատասխանատվության ենթարկելու, ապացույցներ հավաքագրելու գործողություն է»,- ասաց բանախոսը։
Անդրադառնալով հարցին՝ այս ընթացքում ի՞նչ կարող էր անել ՀՀ կառավարությունը, ի՞նչ իրավական և ոչ իրավական գործիքներ կարող էր կիրառել՝ նպաստելու գերիների վերադարձին՝ Արտակ Բեգլարյանը հիշեցրեց՝ Ռուբեն Վարդանյանի փաստաբանը մատնանշել է գործողություններ, որոնք ՀՀ իշխանություններիը կարող էին կատարել, բայց չեն կատարել։
«Այնպես չէ, որ ՀՀ իշխանություններն այդ հնարավորությունների մասին տեղյակ չէին, ուղղակի քաղաքական կամք առկա չէր։ Ցավոք սրտի, միայն շինծու դատավարությունների թափ առնելուց բավական ժամանակ անց նրանք սկսեցին հրապարակային որոշ գնահատականներ հնչեցնել, այն դեպքում, երբ վաղուց պետք է խոսեին և գործողություններ կատարեին։
Նիկոլ Փաշինյանն անձամբ, ինչպես նաև որոշ պետական գործիչներ հաճախակի վնասում էին գերիների շահերը՝ երբեմն-երբեմն գերիների վերաբերյալ վտանգավոր հայտարարություններ անելով՝ քաղաքական գնահատականներ, իրավական գնահատականների ակնարկներ և այլն։ Էլ չեմ ասում այն հայտարարությունները, որ Հայաստանը պատրաստ է հետ վերցնել միջպետական գանգատները։ Իսկ դրանք ներառում են նաև գերիների վերադարձի և պաշտպանության պահանջներ, որոշումներ և այլն։ Էլ չեմ ասում, որ իշխանությունների անգործությունը ևս վնասել է գերիներին»,-ասաց Բեգլարյանը։
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանն էլ նկատեց՝ մինչև 2023 թվականի սեպտեմբերը միջազգային առտյաններում հայկական պատվիրակությունների ելույթներն առավել հստակ էին, սակայն դրանից հետո հայ դիվանագետները պասիվացան միջազգային հարթակներում աշխատանքներում։