Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարություն էր տարածել, որ փետրվարին այցելել է գերիներին Բաքվում, սակայն դրանից հետո, ինչպես գիտեք, Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել և արդեն 14-րդ օրն է, որ նա գտնվում է հացադուլի մեջ: Այս մասին այսօր Հայաստանում Կարմիր Խաչմի միջազգային կոմիտեի գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Արցախի Հանրապետության մշակույթի նախարար Նարինե Աղբալյանը։
«Նրա վիճակը արդեն կրիտիկական է, այսինքն ամեն վայրկյանը արդեն կարևոր է և մենք այս ձևով փորձում ենք Կարմիր խաչին խնդրել, որպեսզի նրանք անհապաղ այց կատարեն Ռուբեն Վարդանյանին և փորձեն կանխել հնարավոր աղետը:
Իհարկե այս 1,5 տարվա ընթացքում Կարմիր խաչն է միակ կազմակերպությունը, որ հասանելիություն է ունեցել գերիներին և նաև ապահովել է կապը ընտանիքների հետ, սակայն այսօր առաջացել է այդ հրատապ անհրաժեշտությունը և մեր խնդրանքն ու կոչն է, որպեսզի նրանք անհապաղ միջամտեն Ռուբեն Վարդանյանի վիճակին և ընդհանրապես բոլոր գերիների իրավունքների պաշտպանության հարցում ավելի գործուն լինեն, որովհետև արդեն ակնհայտ են խոշտանգումների փաստերը:
Դրանք հրապարակվել են մամուլում, դրանց մասին նաև հաստատել են Հայաստանի իշխանությունները, հետևապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և նաև մյուս բոլոր միջազգային կազմակերպություններն ու կառույցները, որոնք ունեն նման մանդատ և իրավասություն, պետք է անհապաղ միջամտեն, պարզելու այդ խոշտանգումների փաստը, հետաքննելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու»,-ասաց նա:
Այս ակցիան, ըստ Աղբալյանի, ուղղված է ոչ միայն ԿԽՄԿ-ին, այլեւ միջազգային կազմակերպություններին և իրավապաշտպան կազմակերպություններին. «Սրանով մենք ուզում ենք բոլորի ուշադրությունը հրավիրել այս հրատապ խնդրի վրա»:
Հարցին՝ արդյոք բավարար չափով են իշխանությունները ջանք թափում գերիների վերադարձի համար, Աղբալյանը պատասխանեց. «Եթե ջանքերը բավարար չափով լինեին, այսօր մենք չէինք ունենա այս արդյունքը, հետևապես շատ կարևոր է նաև հանրային ճնշումը թե՛ իշխանությունների և թե՛ միջազգային կառույցների վրա:
Ուրեմն, հանրությունը պետք է ավելի ակտիվ լինի և յուրաքանչյուրի ձայնը կարևոր է: Ռուբեն Վարդանյանը սիրում է կրկնել, որ կյանքի հակառակ կողմը մահը չէ, անտարբերությունն է: Այդ անտարբերությունը պիտի թոթափի յուրաքանչյուր ոք և իր ձայնով ուժեղացնի այդ ճնշումը թե՛ իշխանությունների և թե՛ հասարակական միջազգային կառույցների վրա:
Սա արդեն երկրորդ հացադուլն է, ինչը նշանակում է, որ ոչ միայն հացադուլի պատճառները չեն վերացել, այլ ավելի են սրվել՝ ստիպելով Ռուբեն Վարդանյանին երկրորդ անգամ վտանգել իր կյանքը»: