Ռուբեն Մխիթարյանին վկայի կարգավիճակով են հրավիրել հարցաքննության, նա հրաժարվել է ցուցմունք տալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետի թեկնածու, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի փաստաբան Բենիկ Գալստյանը։
«Վկայի դատավարական կարգավիճակով են հրավիրել հարցաքննության, նա էլ ողջամտորեն հասկանալով, որ իր տված տեղեկատվությունը կարող է օգտագործվել իր դեմ, հրաժարվել է ցուցմունք տալ։ Գործը վերաբերում է վարչական վարույթին, որը տեղի է ունեցել 2024 թվականի մայիսին։ Եթե հստակ քրեական կոմպոնենտ լիներ, իմ պաշտպանյալը մեղադրյալի կարգավիճակ կունենար, այս պահին հստակ ասել չեմ կարող։ Այլ դեպքում, գուցե ընդհանրապես չկանչեին հարցաքննության, եթե նա Ռուբեն Մխիթարյանը չլիներ, սա որպես ենթադրություն։
Մենք չակերտավոր ասված խնդրեցինք, որ մեզ այս ժամանակահատվածում չկանչեն, նրանք էլ խոստանացան, որ չեն կանչի, տեսնենք՝ կպահեն իրենց խոստումը, թե՝ ոչ»,- ասաց նա։