Մոսկվան աջակցում է բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված են Հարավային Կովկասում իրավիճակի կայունացմանը, խաղաղության և կայունության հաստատմանը։
Այս մասին «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Մեր կարծիքով` այսօր այդ ջանքերը, որոնց մասին խոսել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը, պետք է նպաստեն եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը, որոնք ամրագրվել են հայտնի եռակողմ հայտարարությամբ։ Ռուսաստան աշխատանքներ է տանում, ակտիվ ջանքեր են գործադրվում գործընթացն առաջ տանելու համար։ Մոսկվան հենց այդպես է տեսնում բոլոր այն երաշխիքները, որոնց դեպքում էսկալացիա չի լինի, և կողմերը կգան համաձայնության, որը կբխի Հարավային Կովկասի բոլոր երկրների ու ժողովուրդների շահերից»,- ասաց նա։
Հարցին՝ կոնկրետ ինչ քայլեր է կատարում Ռուսաստանը՝ իրավիճակի կայունացման ու գործընթացի առաջխաղացման համար, դեսպանը նշեց․
«Ռուսաստանը մշտապես կապի մեջ է կողմերի հետ և ակտիվորեն առաջ ենք տանում խաղաղության օրակարգը և տրամադրում ենք միջնորդական ծառայություններ։ Հուսով ենք մոտ ժամանակներս հանդիպում կկայանա Մոսկվայում։ Ռուսական խաղաղապահ զորախումբն աշխատում է Լեռնային Ղարաբաղում, լուծում իր առջև դրված առաջադրանքները, չնայած առկա խնդիրներին` օգնում է կարգավորել իրավիճակը, այդ թվում՝ Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ»,- ասել է Կոպիրկինը։
Վերջինիս խոսքով՝ եռակողմ խումբը աշխատանքներ է տանում տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, խաղաղության պայմանագրի կնքման և սահմանների սահմանազատման ուղղությամբ: