Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Հաքան Ֆիդանը, ի թիվս այլ հարցերի, կքննարկեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեման։
Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Սեպտեմբերի 1-ին ՌԴ արտաքին գործերի նախարարի հրավերով Թուրքիայի արտգործնախարարն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու երկկողմ և միջազգային օրակարգի թեմաների լայն շրջանակի շուրջ բանակցություններին: Սա Ֆիդանի առաջին այցն է Ռուսաստան՝ որպես Թուրքիայի արտգործնախարար։
«Նախատեսվում է հանգամանորեն վերլուծել Անդրկովկասում համագործակցության խորացման հարցերը, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերսկսման, տրանսպորտային երթևեկության և հաղորդակցությունների ապաշրջափակման և տարածաշրջանի հետկոնֆլիկտային վերականգնման հարցերը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։ Բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով` Թուրքիան ղարաբաղյան հարցում աջակցում է Ադրբեջանին և սուր է արձագանքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։