ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանությանն արձագանքելով, պաշտոնական Թեհրանն ամենատարբեր մակարդակներով խոստացել է Իսրայելից վրեժխնդիր լինել։
Հըզբոլլահի առաջնորդ Նասրալլահն էլ հայտարարել է, որ Իսրայելի դեմ պատերազմը նոր փուլ է թեւակոխել, եւ որ Իսրայելին ցասում ու վրեժխնդրություն է սպասում։
Դրանով հանդերձ, ըստ որոշ աղբյուրների, Իսրայելին հարվածելու Իրանի ու իր դաշնակիցների որոշման մասին առայժմ Վաշինգտոնը չունի օպերատիվ տեղեկատվություն։ Նման ենթադրրության համար նաեւ հիմք է ծառայում այն փաստը, որ Իսրայելին ուղղված Իրանի նախորդ հարձակման ժամանակ էլ Թեհրանը շտապողականություն չցուցաբերեց։
Թեհրանը կասկածներ չունի, որ Իսրայելն ամեն կերպ փորձում է ԱՄՆ-ին ներքաշել Իրանի դեմ ռազմական գործողությունների մեջ։
Վաշինգտոնն էլ է համոզված, որ իսրայելցիները տեւական ժամանակ է, ինչ ձգտում են ԱՄՆ-ին ներքաշել Իրանի դեմ տարածաշրջանային լայնածավալ պատերազմի մեջ։ Սա ավելի ակնհայտ դարձավ հատկապես Գազայի պատերազմի ընթացքում։, զանգվածային լրատվամիջոցներում լայնածավալ քարոզչական արշավ էին սկսել։
Այսպիսի պայմաններում, քաղաքական դիտորդները փորձում են գնահատել իրավիճակն ու կանխատեսել իրադարձությունների հնարավոր զարգացման հեռանկարը։ Այս առումով, մերձավորարեւելյան տարածաշրջանում հնարավոր զարգացումների մասին կանխատեսումների պակաս չի զգացվում։
Ցավոք, քաղաքական մեկնաբանների գերակշիռ մասը Մերձավոր Արեւելքում մեծ պատերազմ է կանխատեսում։ Անշուշտ, կան նաեւ դիվանագիտական լուծման ելք կանխատեսող վերլուծաբաններ։
Հստակ է, որ Իրանը մեծ պատերազմի մեջ ներքաշվելու հարցում որեւէ շահագրգռվածություն չունի։ Դրա ապացույցներից կարեւորագույնը՝ Արեւմուտքի հետ երկխոսելու պատրաստակամություն հայտնած նախագահ Փեզեշքիանի քաղաքական ասպարեզում հայտնվելն էր։
Սակայն Թեհրանին անհրաժեշտ է առնվազն իր դաշնակիցների մոտ «փրկել» քանիցս խաթարված հեղինակությունը, ինչը կարող է ստիպել Իրանին գնալ ծայրահեղ քայլերի։
Լայնամասշտաբ պատերազմի դեպքում հակաիրանական կոալիցիայի կողմից Իրանի դեմ Ադրբեջանի տարածքն օգտագործելու հավանականությունը բացառել չի կարելի, ինչը կարող է բացասական հետեւանքներ ունենալ Հայաստանի համար։ Թուրքական տանդեմի համար ստեղծված բարենպաստ պայմաններում, Բաքուն կփորձի հակաիրանական կոալիցիային ցուցաբերած իր ծառայությունների դիմաց ստանալ փոխհատուցում՝ միջանցքի տեսքով։
Անկախ տեսակետների բազմազանությունից ու մեծ պատերազմի վտանգի մասին վերլուծաբանների ներկայացվող իրարամերժ կանխատեսումներից, Երեւանը պետք է չափազանց զգուշավոր քաղաքականություն որդեգրի եւ չներքաշվի քաղաքական խարդավանքների մեջ։
Վաշինգտոնյան Middle East ինստիտուտի փոխնախագահ Պոլ Սալեմը, ով եղել է Քարնեգի հիմնադրամի Մերձավոր Արեւելքի կենտրոնի հիմնադիր տնօրենը, քաղաքական հետազոտությունների լիբանանյան կենտրոնի հիմնադիր տնօրենն ու Բեյրութի Ամերիկյան համալսարանի դոցենտը, իր X սոցիալական ցանցում ուշագրավ տեսակետ է ներկայացրել Իրանի ու Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) հնարավոր քայլերի ու զարգացումների մասին․
Ժամանակացույցը
Խոսելով հնարավոր ռազմական գործողությունների ժամկետների մասին, Սալեմը նշում է, որ Իրանն ու նրա դաշնակիցները անորոշության քողի տակ են թողնում իրենց գործողությունների ժամանակացույցը։ Ըստ վերջինիս, եղել են արագ արձագանքման կողմնակիցներ։ Ներկայացվել են նաեւ տեսակետներ, որ ներկայումս ԱՄՆ-ը ու Իսրայելը հնարավոր գործողություններին արձագանքելու սպասողական ռեժիմում են գտնվում։
Վերլուծաբանը կարծում է, որ իրանական «դիմադրության առանցքը» հնարավոր է մի քանի ամիս սպասի, որպեսզի սպասողական ռեժիմը փոքր-ինչ թուլանա եւ հնարավոր լինի հակառակորդին հանկարծակիի բերել։
Մասնակիցները
Ըստ վերլուծաբանի, պատասխանը լինելու է միասնական՝ Իրանի, Հըզբոլլահի, հութիների եւ իրաքյան Հաշդ Ալ-Շաաբի համատեղ ներգրավվածությամբ։ Նման սցենար քննարկվում է Բեյրութին, Թեհրանին, ինչպես նաեւ Ալ-Հադիդային հասցված հարվածներից հետո։
Թիրախները
Պոլ Սալեմի պատկերացմամբ, թիրախները լինելու են ռազմական, հետախուզական եւ ենթակառուցվածքային օբյեկտների ուղղությամբ, այլ ոչ՝ քաղաքացիական։ Վերլուծաբանը չի բացառում նաեւ բարձրաստիճան ռազմաքաղաքական գործիչների թիրախավորումը։ Ըստ Սալեմի, հարվածները կհասցվեն Թել Ավիվ ու Հիֆա քաղաքներին հարակից շրջաններին, այնպես ինչպես Բեյրութը, Թեհրանը եւ Հադիդան են հարվածների թիրախ դարձել։
Ընդգրկվածությունը
Քաղաքական մեկնաբանը վկայաբերում է Հըզբոլլահի առաջնորդ Նասրալլահի խոսքերն առ այն, որ հարվածը լինելու է հուժկու, սակայն «խելամիտ», նպատակ ունենալով ցույց տալ, որ «դիմադրության առանցքը» անպատասխան չի թողնում հարձակումները, բայց մտադիր էլ չէ մեծ պատերազմ սկսել։ Այնուամենայնիվ, Նասրալլահի ու Թեհրանի վարքագծի մասին գնահատականները վկայում են, որ նրանք մեծ պատերազմից չեն խուսափում։
Վերլուծաբանը ենթադրում են, որ եթե պատասխան հարվածներն ու հակահարվածները հանգեցնեն մեծ պատերազմի, Իրանն ու «դիմադրության առանցքը» դրան պատարստ կլինեն։ Եվ եթե դեպքերն այդպիսի ընթացք արձանագրեն, «առանցքը» դրան ընդառաջ կգնա։
Պոլ Սալեմը վկայաբերել է Նասորլլահի հետեւյալ խոսքերը․ «Այն ամենն ինչ պատրաստվում է տեղի ունենալ, այլեւս Գազայում ՀԱՄԱՍ-ին պաշտպանելու համար չէ, այլ ավելի խոշոր մասշտաբով Գազայում, Լիբանանի հարավում, Եմենում, Իրաքում եւ Իրանում մեծածավալ ճակատամարտ է լինելու։ Ուստի գնդակը ներկայումս Իրանի «առանցքի» խաղադաշտում է՝ թե ժամանակացույցի եւ թե ընդգրկվածության առումով։ Հաջորդիվ, գնդակը կհայտնվի Իսրայելի վարչապետի խաղադաշտում, որին էլ կհետեւի Իրանի ու նրա դաշնակիցների կողմից հասցվելիք հարվածին ուղղված հակահարվածի վերաբերյալ Իսրայելի որոշումը»։
Երկու սցենար Իրանի ու Իսրայելի միջեւ պատերազմի հաջորդ փուլի մասին
MiddleEast ինստիտուտի փոխնախագահն Իրանի ու իսրայելի միջեւ պատերազմի հաջորդ փուլի մասին երկու սցենար է կանխատեսում․
- Պատասխան հարվածից հետո վտանգի նոր մակարդակ է արձանագրելու։ Որից հետո ոչ պաշտոնական հրադադարի ու պատերազմի հետագա ընթացքը կանխելու մասին «նոր խաղի կանոնների» շնորհիվ ռազմական գործողությունների դադար տեղի կունենա, այնպես, ինչպես տեղի ունեցավ Սիրիայում ԻԻՀ հյուպատոսարանին հասցված հարվածից ու ապրիլ ամսին դրան հասցված Իրանի հակահարվածից հետո։
- Էսկալացիան կվերածվի Իսրայելի ու Հըզբոլլահի, ինչպես նաեւ Իսրայելի ու Իրանի միջեւ լայնամասշտաբ պատերազմի։ Երկու հավանական պատերազմների ընթացքում էլ ԱՄՆ-ը, որպես մասնակից, կանգնած է լինելու Իսրայելի կողքին։
Վերլուծաբանն առաջարկում է՝ միջազգային հանրության կողմից մեծ պատերազմի ծավալումը կանխարգելելու պահանջ ներկայացվի ԱՄՆ-ին ու մյուս խաղացողներին։ Սակայն, Վաշինգտոնում Նեթանյահուի վերջին հանդիպումից հետո, հայտնի դարձավ, որ Բայդենի կառավարությունն Իսրայելի վարչապետի կայացրած որոշումների վրա նվազ ազդեցություն կարող է ունենալ։
Թեհրանի ու նրա դաշնակիցների վրա Չինաստանի ու Ռուսաստանի ազդեցությունն էլ որոշիչ դեր խաղալ չի կարող։
Իր հրապարակման վերջում, Պոլ Սալեմը հույս է հայտնել, որ սպասվելիք հաջորդ փոթորկից առաջ ներկայիս դադարի ընթացքում այնուամենայնիվ կգտնվեն այլընտրանքային լուծումներ, եւ այս անգամ էլ կհաղթի առողջ բանականությունը։
Ի դեպ, օգոստոսի 4-ին Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման Սաֆադիի անսպասելի այցն Իրան, դիվանագիտական ճանապարհով հարցի կարգավորման հույս է ներշնչում։
Գրիգոր Առաքելյան