Երկու օր է՝ Կապանի ստրատեգիական կարևոր բարձունքը՝ Փելա սարը, հանձնվել է ադրբեջանցիների վերահսկողությանը, բայց պաշտոնական որևէ գերատեսչություն որեւէ պարզաբանում առ այս պահը չի ներկայացրել։
«Փաստինֆո»-ն փորձեց մեկնաբանություն ստանալ ՀՀ Պաշտպանության նախարարությունից, թե ե՞րբ է Կապանի Փելա բարձունքը հանձնվել ադրբեջանական կողմին, ի՞նչ հիմքով են հայ զինծառայողները լքել դիրքերը, սակայն ՊՆ-ից հայտնեցին, թե հարցն իրենց իրավասությունից դուրս է. մեկնաբանություն պետք է ստանալ ԱԱԾ-ից։
«Հարցը սահմանապահների իրավասության տակ է»,- հայտնեցին ՊՆ-ից։
Նկատենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ չկան հաստատված դիվանագիտական հարաբերութուններ, չի ստեղծվել սահմանագծման համար համատեղ աշխատանքային խումբ, հետեւապես դելիմիտացիայի ու դեմարկացիայի պաշտոնական գործընթացի մեկնարկը տրված չէ։ Ավելին՝ ԱԺ ամբիոնից ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ դեռեւս պարզ չէ, թե որ քարտեզով է իրականացվելու դեմարկացիան։
Չնայած ամիսներ առաջ GPS-ը հիմք ընդունելով սարի մի մասում կանգնել էին ադրբեջանցի, մյուսին՝ հայ զինծառայողներ, սակայն հիմա էլ ինչ-որ մարդկանց հանձնարարությամբ ամբողջովին ադրբեջանցիների հսկողությանն է հանձնվել կարեւոր բարձունքը։
Աղբյուր` Փաստինֆո



