Այդ մասին մարտի 11-ի համարում “Անկարայում հայկական գերեզմանների վրա խանութ են կառուցում” վերնագրով տեղեկացրել է Կ. Պոլսո “Ակօս” շաբաթաթերթը: Տեղեկության համար հիմք է ծառայել Թուրքիայի ճարտարապետների պալատի Անկարայի մասնաճյուղի ահազանգը, որտեղ նշվում է, որ Անկարայի կենտրոնի “Ուլուս” թաղամասում “Իլլեր” բանկի վերակառուցման համար, (որի շենքը քանդել էին տարածքը հարևան մզկիթին տրամադրելու նկատառումով), հատկացված տարածքում ապօրինաբար շինարարական աշխատանքներ են կատարվում, այս տարածքը հայերի և կաթոլիկների գերեզմանոց է, հիմքի փորման աշխատանքների ընթացքում մարդկանց ոսկորներ են հայտնաբերվում, ուստի անհապաղ պետք է դադարեցնել այդ աշխատանքները:
Ճարտարապետների պալատի Անկարայի մասնաճյուղի նախագահ Թեզջան Կարաքուշ Ջանդանը նշել է, որ “Մելիքե Խաթուն” մզկիթին տրամադրելու, ինչպես նաև բանկին հարող հրապարակի խանութները տեղափոխելու նկատառումով հատկացված հողատարածքում խանութի նոր շենքեր են կառուցում, ինչն օրենքի խախտում է: Ինչո՞ւ: Հարցին պատասխանել է Ջանդանը, հավելելով. “ Շինարարկան աշխատանքների ընթացքում ի հայտ եկած մասունքները հետաքրքրել են Անատոլիայի քաղաքակրթությունների թանգարարին, որի աշխատակիցները ուսումնասիրության համար տարան դրանք: Տարածքը գիտական աղբյուրներում ններկայացվում է որպես հայերի և կաթոլիկների գերեզմանոց, որտեղ կան նաև եկեղեցու, բաղնիքի նման պատմական այլ հուշարձաններ, ընդ որում հաստատված գրանցամատյաններով:
“Ուլուս” թաղամասը մայրաքաղաքի պատմական կենտրոնն է, դրա ընդերքում գտնվող պատմամշակութային արժեքների ոչնչացումը, ինչին մենք սովոր ենք, առավել ևս գերեզմանոցում հանգչող հանգուցյալների ոսկորները բետոնով ծածկելը հանցագործություն է և անմարդկային մոտեցում: Չի կարելի 46 խանութ կառուցելու համար ոչնչացնել մի ամբողջ պատմություն: Շինարարական աշխատանքների դադարեցման համար մենք դիմել Անկարայի քաղաքապետարանին, մշակույթի և զբոսաշրջության, ինչպես նաև շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարություններին ու պատասխանատու ալյ մարմիններին: Եթե մի քաղաքում կամ երկրում իսպառ վերանում է խիղճը և մարդկանց գերեզմանների վրա խանութ են կառուցում, ապա դա ժողովուրդի ամոթն է: